Մատչելիության հղումներ

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ «պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը»


«Մեր երկիրն, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ», այսօր հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ներկայացնելով արտահերթ ընմտրությունների մասին իր տեսակետը։

Մանուկյանն ընդգծել է՝ պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա, նրա համոզմամբ, պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը:

«Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ՝ իրականանալիք տարբերակ) հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով): Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում», - հայտարարել է Մանուկյանը՝ հիշեցնելով՝ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է․ - «Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր)»:

ՀՓՇ-ի վարչապետի միասնական թեկնածուն նաև ընդգծել է՝ իրեց պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ՝ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք, ըստ նրա, «երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է»:

«Նման պայմաններում միամտություն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան: Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախևառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը», - հայտարարել է Մանուկյանը:

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կամ նրան «ձևականորեն փոխարինողի» օրոք ընտրությունների անցկացումը կբերի սարսափելի հետևանքների։ «Կվերարտադրվի նույն իշխանությունը, Հայաստանը կշարունակի մնալ արտաքին ազդեցության տակ, կլեգիտիմացվեն բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք պատերազմի հետևանքով և շարունակում ենք ունենալ: Միայն այն փաստը, որ ներկա իշխանությունն է անցկացնում ընտրությունները, արդեն իսկ կնշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտությունը», - եզրափակել է Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ընտրությունների։

Նախագահ Արմեն Սարգսյանը էլ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրել էր հանդիպման՝ նախագահական նստավայրում՝ քննարկելու առկա իրավիճակը և փոխընդունելի լուծումներ գտնել ճգնաժամը հաղթահարելու համար։ Սակայն հանդիպումը չկայացավ նախագահի առաջարկած ձևաչափով․ նախագահականից հայտնեցին, որ հանդիպումը չի կայանա, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել: Արմեն Սարգսյանն էլ առանձին հանդիպումներ ունեցավ վարչապետի, «Իմ քայլը»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարների հետ։ Նախագահի հետ հանդիպումներից հետո «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեցին, որ հնարավոր են համարում համաձայնությունը արտահերթի շուրջ։

XS
SM
MD
LG