Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական ուժերը խնդիրներ են տեսնում գործող ԸՕ-ով ընտրությունների գնալու մեջ


Արտահերթ ընտրությունները իշխող «Իմ քայլը» խմբակցությունը համարում է միջոց՝ հանրային համերաշխություն ձևավորելու և առկա քաղաքական լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին այսօր խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը խոսեց արտահերթ ընտրությունների թեմայով քննարկման ժամանակ։

«Արտահերթ ընտրությունները դիտում ենք նաև մեր թիմի քաղաքական պատասխանատվությունը իր արած բոլոր ձախողումների համար, հետևաբար մենք ամբողջ քաղաքական թիմով հայտարարում ենք, որ տալիս ենք հրաժարական, գնում ենք արտահերթ ընտրությունների և ժողովրդից հայցում ենք քվե. ունենք վստահություն, կստանանք քվե, չունենք այդ վստահությունը, և չկան համակիրներ, չենք ստանա քվե», - ասաց նա։

Առաջիկա արտահերթ ընտրություններին գնալ գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով, քննարկման հիմնական առարկան այս հարցն էր, ու թեպետ կարծիքներն այս հարցի շուրջ չէին բեկվում, և քաղաքական բոլոր ուժերը համակարծիք էին, որ լավագույն տարբերակը Ընտրական նոր օրենսգրքի ընդունումն է, այդուհանդերձ շուրջ 2 ժամ ծավալվեց քննարկում հենց այս հարցի շուրջ։

«Նախատեսված էր, որ մենք Ընտրական օրենսգրքի վրա պետք է աշխատեինք մինչև 2023-ի ընտրությունները, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատեինք 2021 թվականն ամբողջությամբ, կարողանային ամբողջացնեինք, 2022-ին արդեն մտնի ուժի մեջ, 2023-ին լինեին նորմալ ընտրություններ, ոչ ժամկետների հետ խնդիր կլիներ, ոչ խաղի կանոնների փոփոխության հետ խնդիրներ կլինեին: Եվ հիմա հընթացս փոխել գործող Ընտրական օրենսգիրքը, երբ բոլորն արդեն պատրաստվում են հունիսի 20-ի ընտրություններին, իմ կարծիքով, սխալ է», - նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը:

Իշխող խմբակցությունը, որի նախընտրական ծրագրում կարևոր հանձնառություններից մեկը հենց Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր, նախագիծը շրջանառության մեջ դրել է, ասում է «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, բայց օրենսգրքի ընդունման հարցում կարևոր է խորհրդարանական խմբակցությունների համախոհությունը, որը առայժմ չկա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը հակադարձեց. «Խորհրդարանական ուժերի հետ կոնսենսուսը կարևոր է` այս փոփոխություններն իրականացնելու, բայց, այնուամենայնիվ, քաղաքական մեծամասնության` իշխանության պարտավորությունն է պաշտպանել ժողովրդավական ինստիտուտները, թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ, որոնք կբերեն հանրության այլասերմանն այս ընտրության ընթացքում, ապաքաղաքական տարրերի քաղաքականացմանը, քրեական ենթամշակույթի ներթափանցմանը վաղվա իշխանության մեջ»:

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Արայիկ Պապիկյանն էլ այստեղ սցենարի կրկնություն է տեսնում, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, հիմա էլ, ընտրական գործընթացներին նախորդում են ընտրական օրենսդրության բարեփոխումները, և կրկին ֆորսմաժորային իրավիճակում, այն պարագայում, երբ իշխանությունը 2 տարի ժամանակ է ունեցել հանգիստ քննարկումներ անցկացնելու համար. «Ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ այս անհասկանալի պայմանավորվածության հետևում կանգնած է այն փաստը, որ ապագա խորհրդարանը ներկայացված լինի միայն այդ ուժերով կամ իրենց հետ պայմանավորվածություն ունեցող այդ ուժերի ներկայությամբ, արտախորհրդարանական ուժերին հերթական անգամ դուրս ենք թողնում բոլոր գործընթացներից»։

Նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը համարում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց գնալ ընտրությունների հին խաղի կանոններով նշանակում է վերարտադրման պատուհան ստեղծել ներկա ու նախկին իշխանությունների համար. «Գործող իշխանությունն ունի սահմանադրական մեծամասնություն, պարտավոր է փոխել Ընտրական օրենսգիրքը, պարտավոր է կատարել ժողովրդին տված խոստումը: 3 ամիս հետո անկացրեք, ինչի՞ց եք վախենում, վախենո՞ւմ եք, որ մարդիկ որ հեղաշրջման փորձ կանեն, ուրեմն աշխատեք, որ չանեն, գործադրեք օրենքը, ապահովեք երկրում իրավունքի, օրենքի գերակայություն»։

Խորհրդարանական ուժերին ոչ թե ժամանակը, այլ ցանկությունն է պակասում, նկատում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գոռ Հակոբյանը. «Իսկ ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը պատերազմից հետո հերթական գրաֆիկով աշխատի. բարի եղեք, հասկացեք` ինչ է եղել երկրում: 1 շաբաթ, 10 օր առավոտից երեկո մնացեք Ազգային ժողովում, սաղ հարցերը լուծեք, վերջացրեք, նորմալ երկիր տվեք էս երկրին, այն, ինչ հանձնառություն ստացել եք»։

Որպես թիվ մեկ հրամայական պետք է փոփոխվի, վերացվի ռեյտինգային համակարգը, ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանն էլ արձանագրում է՝ եթե խոսվում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկության մասին, որում ասվում է, որ ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ խաղի կանոնները պետք է թեկնածուների համար կանխատեսելի լինեն, ապա վստահաբար բոլորի համար կանխատեսելի էր համամասնական ընտրակարգը. «Բոլոր այն արտախորհրդարանական ուժերը, նոր ձևավորված ուժեր և այլն, բոլորն, ովքեր որ ընտրություններին նախապատրաստվել են, իրենք նախապատրաստվել են համամասանական ընտրակարգով, և իրենք ունեն համամասնական ընտրակարգի ռեսուրսները։ Այս ընտրությունների համար շատ հանգիստ կարող է լինել պարզ համամասնական ընտրակարգը, ցուցակների ձևավորման նոր կարգը, ու շատ հանգիստ կարող է լինել, ինձ համար ամենակարևոր դրույթը, որը հստակ սահմանում է` ինչ է նշանակում վարչական ռեսուրս, որն է դրա չարաշահումը, որոնք են կարգավորումները Քրեական ու Վարչական օրենսգրքերում դրա խախտումների հետ կապված»:

Առանց նշված փոփոխությունների ընտրության գնալը ուղիղ մեսիջ է, որն ասում է` թողեք հիմա չարաշահենք վարչական ռեսուրսը, հաջորդին դա կարգելենք, իր խոսքը եզրափակեց Վարդինե Գրիգորյանը։

XS
SM
MD
LG