Մատչելիության հղումներ

Իշխանությունները նորից ընտրեցին քաղաքական ճգնաժամը լուծելու ամենասխալ ձևը․ Լևոն Զուրաբյան


«Ազատության» հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Զուրաբյան․ - Ցավոք սրտի, իշխանությունները նորից ընտրեցին քաղաքական ճգնաժամը լուծելու ամենասխալ ձևը․ նրանք սկզբից հրաժարվեցին արտահերթ ընտրությունների գաղափարից, հետո տարան-բերեցին՝ ամեն րոպե փոխելով իրենց դիրքորոշումը։ Էն պահին, երբ զգում է, որ իրավիճակը կայունանում է, ասուն էին՝ ի՞նչ արտահերթ ընտրություններ, դրա պահանջը չկա, էն պահին, երբ իրավիճակը ապակայունանում էր, անմիջապես սկսում էին մտածել արտահերթ ընտրությունների մասին։ Եվ էն որոշումը, որ հիմա է ընդունվել, դա ափալ-թափալ ընդունված որոշում է, որը իրականում չեմ կարծում, որ էս ձևով կնպաստի քաղաքական ճգնաժամի լուծմանը։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ։ Վերջապես, եթե վերընտրվելու է Փաշինյանը, կվերընտրվի, իր լեգիտիմությունն էլ կվերգտնի։ Եթե չէ՝ ով որ պայքարում է էդ մանդատի համար, էդ տեղի համար, կգա իր ձայնը կստանա։

Զուրաբյան․ - Նախ, ո՞վ ասեց, որ Փաշինյանի վերընտրությունը կարող է դառնալ կայունության երաշխիք։ Խոսքը նրա մասին է, որ ընդհանրապես գլխավոր խնդիրը պետք է լիներ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման խնդիրը։ Ոչ թե մենք հիմա մտածենք անձերի մասին, Փաշինյանը պիտի ընտրվի, մեկ ուրիշը պիտի ընտրվի․․․ Տեսեք, Ընտրական օրենսգիրքը, որ մենք այսօր ունենք, Սերժ Սարգսյանի մատուցած, այսպես կոչված, ռեյտինգային համակարգն է՝ սահմանադրորեն երաշխավորված մեծամասնության գաղափարը՝ բոնուսներ և այլն, երկրորդ տուրի անցկացում, որի նման մոդել աշխարհում չկա։ Սա չփորձարկված մոդել է դեմոկրատական աշխարհում։ Իսկ էստեղ մենք գիտենք ինչ նպատակներին է դա ծառայում։ Ռեյտինգային այս Ընտրական օրենսգիրքը վերածում է քաղաքական պայքարը ոչ թե գաղափարական, գաղափարախոսական պայքարի տարբեր հոսանքների միջև, երբ ժողովուրդը հնարավորություն է ունենում ընտրել այս կամ այն գաղափարը, գաղափարախոսությունը կամ քաղաքականությունը, այլ սա պայքար է փողատերերի և տեղական կրիմինալին կռիշա կանգնած կուսակցությունների միջև։ Դա լինելու է ռեսուրսային պայքար, ընտրակաշառքի պայքար, բազմամիլիոն ծախսերի պայքար։ Սա զավեշտալի չի՞։ Դուք պատկերացնում եք, Նիկոլ Փաշինյանը, երբ որ անում էր հեղափոխությունը, առաջին խոստումը և միակ խոստումը հեղափոխությունից առաջ՝ միակ գործը, ինչը որ մենք անելու ենք, մենք վերացնելու ենք այս ռեյտինգային կեղծարար, ընտրակաշառքային համակարգը և նոր ընտրությունները անցկացնելու ենք արդեն լրիվ նոր Ընտրական օրենսգրքի հիմքի վրա։ Հեղափոխությունից երեք տարի հետո մենք նորից գնում ենք, արդեն երկրորդ անգամ ընտրությունների Տիգրան Մուկուչյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովով և Սերժ Սարգսյանի ստեղծած այդ խայտառակ, կոռուպցիոն, քաղաքական կոռուպցիա մարմնավորող օրենքով՝ հակառակ նրան, որ ամբողջ հանրությունը, հասարակական կազմակերպությունները, արտախորհրդարանական կուսակցությունները, բոլորը այսօր ապստամբում են այդ գաղափարի դեմ։ Սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը այն առումով, որ խոսելուց բացի, ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով ոչ մի բան չի արվել ո՛չ արդարադատության բնագավառում, ո՛չ սահմանադրական փոփոխությունների բնագավառում։

«Ազատություն»․ - Նույնիսկ գործող օրենսգրքով արդյո՞ք Առաջին նախագահի գլխավորած ուժը դիտարկում է մասնակցությունը ընտրություններին։

Զուրաբյան․ - Նախ և առաջ մենք նպատակ ենք տեսնում այնուամենայնիվ հասցնել փոփոխության։ Եվ այնուամենայնիվ պնդում ենք, որ խորհրդարանական այս կուսակցությունները իրավունք չունեն գնալ նման դավադիր գործարքի ժողովրդի թիկունքում։ Նախ և առաջ ես կուզեի հերքել, որ իբր Հայ ազգային կոնգրեսը որոշում է ընդունել չմասնակցել ընտրություններին։

«Ազատություն»․ - Հետևաբար մասնակցությունը դիտարկվում է։

Զուրաբյան․ - Էստեղ էլ ես պիտի ասեմ, որ, ի տարբերություն շատ-շատ թեթևամիտ քաղաքական գործիչների և ուժերի, Հայ ազգային կոնգրեսը ընդհանրապես որևէ պատերազմի, կռվի չի գնում՝ առանց մշակելու քաղաքական ճիշտ ռազմավարություն։ Մենք հիմա զբաղված ենք հենց էդ ռազմավարության մշակումով։

«Ազատություն»․ - Այս համատեքստում անձամբ Տեր-Պետրոսյանի ներգրավումը ընտական պրոցեսում քննարկվե՞լ է, անհրաժեշտ համարո՞ւմ եք։

Զուրաբյան․ - Եթե մենք մտնում ենք, մենք մտնում ենք էդ գործի մեջ։ Եվ ասեմ՝ երբեք Տեր-Պետրոսյանի անձի նշանակությունը քաղաքականության մեջ այդքան ցցված և այդքան ուժեղ չի եղել։ Որովհետև, ինչ ուզում եք ասեք, Տեր-Պետրոսյանը պատմականորեն ճիշտ դուրս եկավ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG