Մատչելիության հղումներ

Ավելի լավ է ընդհանրապես արտահերթ ընտրություններ չանցկացնել, քան գնալ գործող ԸՕ-ով, պնդում է Իոաննիսյանը


Ավելի լավ է ընդհանրապես արտահերթ ընտրություններ չանցկացնել, քան գնալ ընտրությունների գործող ընտրական օրենքներով, ասում է Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով` գործող կարգի տրամաբանությունը վարչական ռեսուրսի կիրառումն է:

«Այդ շատ անցանկալի դեպքում Ազգային ժողով կանցնեն այն ուժերը, որոնք ունեն ռեսուրսներ` ֆինանսատնտեսական, կրիմինալ, թաղային հեղինակություններ, մեդիառեսուրսներ, վարչական ռեսուրս, այդ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, իսկ այն ուժերը, որոնք ունեն քաղաքական ռեսուրս` լավ թիմ, լավ գաղափարներ, բայց չունեն ֆինանսա-տնտեսա-վարչական ռեսուրսներ, նրանք ուղղակի նույնիսկ անցողիկ շեմը չեն կարողանա հաղթահարել», - կարծում է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողը պնդում է՝ գործող կարգով ընտրությունների անցկացումը քաղաքական ճգնաժամը չի լուծի։ Նրա խոսքով` առաջարկվող օրենսգրքով շատ փոփոխություններ կլինեն` ընտրությունների ռեյտինգային կարգը չի լինի, փոխարենը` ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական կարգով. «Անցում է կատարվում ընտրողների համար հասկանալի և պարզ, սովարական համամասնական ընտրակարգի: Ես ասեմ, որ սոցհարցման համաձայն` հայաստանցիների միայն տասը տոկոսն է, որ ամբողջությամբ կամ մասնակի հասկանում է այդ ընտրակարգը, այսինքն` մարդիկ հասկանալու են` եթե իրենք գնում են տեղամաս, ում կընտրեն, և դրա արդյունքում ինչ կլինի»:

Իոաննիսյանի խոսքով՝ կանոնակարգվում է նաև վարչական ռեսուրսի կիրառումը. «Ի վերջո, սահմանվում է, թե ինչ է վարչական ռեսուրսը, և որն է դրա խախտման արգելքը, ընդ որում նաև քրեական պատասխանատվություն է սահմանվում դրա արգելքի խախտման համար, ընդհուպ մինչև ազատազրկում»:

Ըստ նոր օրենսդրական նախագծի` ԶԼՄ-ներով քարոզարշավն ավելի հավասար պայմաններում կանցկացվի, որպեսզի մեդիա ռեսուրսներ ունեցող ուժերը չկարողանան գրավել դաշտը:

Դանիել Իոաննիսյանը կարևորում է քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ դրույթները: Ասում է՝ հստակ սահմանվում է, թե յուրաքանչյուր անձ որքան գումար կարող է տրամադրել նախընտրական արշավի համար, իսկ այս դրույթը շրջանցելը քրեական պատասխանատվություն է ենթադրում. «Այսինքն` ինչ-որ օլիգարխ եթե փորձի այլ անձանց միջոցով իր ենթակաների կամ, էական չի, այլ անձանց միջոցով ֆինանսավորել իր կուսակցության կամ որևէ կուսակցության քարոզարշավ, օլիգարխ կամ դրսի ուժ, այդ դրսևորումը քրեականացվում է, և այդ սխեմայով մասնակցող բոլոր անձինք ենթակա են քրեական հետապնդման, պրինցիպն այն է դրվում, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ֆինանսավորեն քարոզարշավը և ոչ թե մի կամ մի քանի օլիգարխներ»:

Իոաննիսյանի խոսքով` ոչ ոք չի կարողանա մի քանի միլարդ դրամով զավթել ամբողջ քարոզարշավը՝ մյուսներին տեղ չթողնելով: Առաջարկված նախագծով փոխվում է նաև Ազգային ժողովում մանդատ ունենալու անցողիկ շեմը. կուսակցությունների համար սահմանված 5-ը դառնում է 4 տոկոս, դաշինքների դեպքում 7 տոկոսը՝ 8-10. «Դաշինքների բարձրացման տրամաբանությունն էլ այն է, որ մենք տեսել ենք, որ նախկինում դաշինքները, որոնք ընտրվել էին, կայուն չեն եղել. 2012 թվականին «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը, դրանից առաջ օրինակ` «Արդարություն» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը և այլն: Նրանք հաճախ քանդվել են, որպես կանոն քանդվել են, և այդ դառը փորձի հաշվի առմամբ է, որ դաշինքների շեմը բարձրացվել է»:

Իոաննիսյանի խոսքով՝ այն, որ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չկա, իրեն թույլ են տալիս մտածել, որ շատ ուժերին այն ձեռք չի տալիս:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց՝ իշխանություններն իրենց առաջարկում են կողմ քվեարկել արդեն շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքին, ինչին իրենք դեմ են։ Իշխող ուժը չէր ընդունել իրենց առաջարկը՝ պարզ համամասնականի փոխարեն բաց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն էլ առայժմ չի հստակեցնում՝ ընտրությունների ցանկանում է գնալ նոր նախագծով, թե հին կարգով։ Նախագիծը շրջանառության մեջ դրած իշխող ուժը ևս պնդում է, որ այս հարցի շուրջ դեռ վերջնական որոշում չկա:

XS
SM
MD
LG