Նախագահ Արայիկ Հարությունյանը այս զարգացումները մտահոգիչ է համարում և բոլոր կողմերին հորդորում է սթափ ու ողջամիտ լինել․ - «Այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով»:
Արցախի նախագահն այժմ Երևանում է և իր միջնորդությունն է առաջարկել «քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»:
Դատելով օրվա ընթացքում երկու տարբեր հրապարակներում զարգացող իրադարձություններից՝ Արայիկ Հարությունյանի առաջարկն ընթացք չէր ստացել։
Արցախի խորհրդարանական երեք խմբակցություններ՝ ՀՅԴ-ն , «Արդարությունն» ու Ժողովրդավարական կուսակցությունը ողջունում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը և Փաշինյանից պահանջում են ընդունել բանակի ու ժողովրդի պահանջը։
«Այս իրավիճակում Հայաստանի մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը գլխավոր շտաբի պետի ու շուրջ 40 զինվորականների հայտարությունը ոչ թե անակնկալ է համարում, այլ անակնկալ ուշացած․ - «Իմ համար անակնկալ է, որ գլխավոր շտաբի հայտարարությունը ուշացել ա, վաղուց պիտի արած լինեին։ Իսկ հայտարարությունը անակնկալ չէր։ Արցախում լարվածություն կա այն իմաստով, որ մտահոգ ենք այդտեղ ծավալվող իրադարձություններով։ Որ իշխող ռեժիմը չտանի բախումների»։
Նույն խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանն ասում է, որ հետևել են վարչապետի՝ հրապարակում հնչեցրած ելույթին ու դարձյալ համոզվել, որ բանակի նվաստացումը շարունակվում է․ - «Էդ մարդը չի հասկանում և չի պատկերացնում բանակը, բանակային կառույցը՝ ստրուկտուրան, և բանակի առաքելությունը։ Եթե ինքը հասկանար անցած երկու տարիների ընթացքում և պատերամի ընթացքում, ապա բանակն էդքան նվաստացուցիչ վիճակի չէր հասցնի»։
Իշխանական «Ազատ հայրենիքից» խմբակցության ղեկավար Արթուր Հարութունյանը կարծում է, որ բանակը ներքաղաքական գործերին չպետք է խառնվեր․ - «Իշխանության ձևավորումը պետք է ժողովրդի կողմից լինի, ժողովուրդը պետք է ձևավորի այդ իշխանությունը։ Արցախի, մեր խմբակցության դիրքորոշումը էնպես է, որ բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են, և մենք պիտի հարգենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի ձայնը»։
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն է րոպեներ առաջ կանգ առնելու կոչով դիմել իշխանությանն ու ընդդիմությանը․ - «Մենք համոզվեցինք, որ մեր արտաքին թշնամին խելացի, հզոր ու նենգ է: Նա առիթը բաց չի թողնի հարձակվելու և ավարտին հասցնելու մեկ դար առաջ սկսած հայոց եղեռնը, երբ մենք զբաղված ենք ներքին գզվրտոցներով։ Այսօր մենք բոլորս դեռ կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ»:
Բաբայանը շեշտել է, որ պատերազմի վտանգը չի անցել, բանակը վերակառուցելու և պաշտպանունակությունն ամրապնդելու կարիք կա․ - «Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում: Բայց մենք նորից ենք ուզում կրկնել այդ ճակատագրական սխալները: Այո', ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար։ Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները: Բայց դրա համար կան դատարաններ ու իրավական համակարգ»:
Այս պատերազմից հետո Արցախի հերոսի կոչումից հրաժարված Բաբայանը ներքաղաքական այս սրացումը կեղծ օրակարգ է համարում , որը ժողովրդին շեղում է ֆիզիկական բնաջնջման իրական վտանգից։
«Խելքի եկեք», - հորդորում է Սամվել Բաբայանը։