Քիչ առաջ Գարեգին Նժդեհի հրապարակում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հաջորդած երթը: Այն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի խոսքով:
Վերջինս նշեց, որ շարունակում է ուժի մեջ մնալ իր այն հայտարարությունը, որ կա՛մ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական պետք է ներկայացնի, կամ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանի որոշումը Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ. «Մեր զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում: Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն` ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է` կամ Օնիկ Գասպարյանն ուղղակի թող ինքը դիմում գրի, հրաժարական տա, գնա, էս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնի՛կ ջան, պետք չի»:
Նիկոլ Փաշինյանը որպես իրավիճակի հանգուցալուծում նշեց, որ մեկ տարբերակ կա` ժողովուրդը պետք է որոշի` ինքը պետք է հեռանա, թե ոչ, դրա հնարավորությունն ընտրությունների միջոցով է, իսկ թե դա կլինի հերթական, թե արտահերթ ընտրություններ, դարձյալ պետք է որոշի ժողովուրդը, սակայն, ըստ էության, նա քաղաքացիների արձագանքից եզրահանգեց, որ հանրությունն ավելի շատ հակված չէ արտահերթ ընտրությունների, սակայն քաղաքական կոնսուլտացիաների միջոցով նաև այս մասին որոշում կկայացնի:
«Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի», - հայտարարեց վարչապետը` հավելելով, որ բախումների, քաղաքացիական պատերազմի և այլ վտանգների մասին խոսակցություններն անհիմն են, քանի որ երկու հրապարակում հավաքված քաղաքացիներն էլ, ինչպես նշեց, «մեր ժողովուրդն է»:
«Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության և ժողովրդի կողմից», - նշեց նա:
Իսկ քաղաքական տեքստերից սահմանն անցնող քաղաքական ուժերը կձերբակալվեն, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ով գտնում է, որ իրենց իշխանության ամենամեծ սխալներից մեկը հենց թավիշն էր. «Ոչ մեկի նկատմամբ վենդետա մենք չենք արել, բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է. դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել է: Ով որտեղ կարողացել է, մեզ խփել է, և այո, թավիշին վերջ է տրվելու»:
Ի դեպ, երթի ողջ ընթացքում անընդհատ հնչում էին վանկարկումներ «առանց թավիշ Հայաստան»: Երթի ավարտին լրագրողներին չհաջողվեց ճեպազրույց ունենալ վարչապետի հետ, ոստիկանական կենդանի պատը փակել էր Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև նրա անվտանգության աշխատակիցները: Մեզ մի պահ հաջողվեց մոտենալ Փաշինյանին, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր չի միացել հանրահավաքին, նրա կողքին չէ, սակայն այդ հարցը Փաշինյանը լսեց, բայց անպատասխան թողեց: