Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորությամբ հանրահավաքի մասնակիցները քայլերթ են սկսում Տիգրան Մեծի պողոտայով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց հանրահավաքը Հանրապետության հրապարակում։ Վարչապետի առաջարկով ու գլխավորությամբ հանրահավաքի մասնակիցները քայլերթ են սկսում Տիգրան Մեծի պողոտայով։

«Մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, թավիշին վերջ է դրվելու, վերջ թավիշին», - հանրահավաքի ավարտին հայտարարեց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ կոչ անելով ընդդիմադիրներին՝ դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները։

«Եկեք սկսենք խոսակցություն։ Տենց չի լինի, շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք ուղղակի օրենքով», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Զինված ուժերը՝ զինվորներ, սպաներ, գեներալներ, խնդրում եմ, հրամայում եմ, պահանջում եմ և ակնկալում եմ՝ զբաղվեք ձեր ծառայությամբ, էս կողմի վրա չնայեք հանկարծ։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է, ես որոշում եմ կայացրել և այդ որոշումը պետք է կյանքի կոչվի, ուրիշ տարբերակ չկա։ Ես ակնկալում եմ, որ նախագահը ստորագրի ԳՇ պետին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակն իր գործերով և քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում»:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

XS
SM
MD
LG