Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները համարում են, որ հրապարակներում հավաքվելու կոչերը պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում


Քաղաքացիներին հրապարակներում հավաքվելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչերը պայթունավտանգ իրավիճակ են ստեղծում, կարծում են հայաստանյան իրավապաշտպանները։

Վարչապետի հրաժարականի պահանջով Զինված ուժերի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի կոչով նրա աջակիցներն արդեն Հանրապետության հրապարակում են։ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի աջակիցները՝ Ազատության հրապարակում։

Մինչև Հանրապետության հրապարակ հասնելը, վարչապետն իր աջակիցներով շրջեց Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետև հանրահավաքից հետո, երթով հասան Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղ էլ ավարտեցին երթը։

Մինչև երթի մեկնարկը Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքը թշնամիներ չունի, բախումներ չեն լինելու․ - «Հայաստանի Հանրապետությունում եղբայրության մթնոլորտ պետք ա լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ չի լինելու։ Հայաստանում մենք թշնամիներ չունենք։ Նույնիսկ էն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են ամենամահացու բաների մեջ․․․ մենք թշնամի Հայաստանում չունենք»։

Իսկ Հայրենիքի փրկության շարժումն Ազատության հրապարակից մեկնարկած հանրահավաքից հետո շարժվեց դեպի Ազգայի ժողովի շենքը, որտեղ հայտարարեցին, որ շրջափակում են խորհրդարանի մուտքերը, գիշերելու են փողոցում։

Օպերայի հարակից տարածքում Փաշինյանի աջակիցների ու ընդդիմության աջակիցների միջև բախում տեղի ունեցավ։

Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Զարուհի Հովհաննիսյանը նշում են, որ այսօրվա իրավիճակի մեղավորն իշխանությունն է։

«Ժողովրդին անընդհատ հրապարակում հավաքելու կոչերին, հատկապես, երբ դա անում է իշխանությունը, կտրականապես դեմ եմ։ Որովհետև նման լարված իրավիճակում, երբ իշխանության իշխանության ներսում կա խնդիր, և այդ խնդիրը ապաշնորհ կառավարման համակարգը չի կարողանում լուծել, ժողովրդին դարձյալ դարձնել թիրախ, ես կարծում եմ, ուղղակի հակամարդկային է, և Մարտի 1 տեսած երկիրը իրավունք չունի նման վիճակի մեջ նորից հայտնվելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

«Սա ամենասարսափելի բանն էր, որը ես անձամբ գոնե չէի ուզենա տեսնել։ Որովհետև սա կարող է բերել բախումների, և մենք ունենանք նոր զոհեր, նոր կորուստներ ու ավելի ծանր վիճակ։ Սա քաղաքացիական պատերազմի տանող ճանապարհ է, որը մեզ համար էս պահին որևէ կերպ ընդունելի լինել չի կարող։ Ես հուսամ, որ անգամ նրանք, ովքեր կհայտնվեն հրապարակներում, կհասկանան, թե մենք ինչ վիճակում ենք գտնվում», - «Ազատությանն» ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանները նշում են, որ այսօրվա իրավիճակի մեղավորն իշխանությունն է, վարչապետի այսօրվա հայտարարությունն էլ, ըստ Նինա Կարապետյանցի, ինքնապաշտպանություն է։ Արտահերթ ընտրություններ չանցկացնելու Փաշինյանի հայտարարությունը, Կարապետյանցի խոսքով, ավելի սրեց առանց այդ էլ լարված վիճակը։

Նա պնդում է, որ իշխանության թերացումները սկսվել են անմիջապես հեղափոխությունից հետո․ - «Երբ պատասխանատվության չենթարկվեցին նրանք, ովքեր որ պիտի բանտերում փտեին արդեն, ովքեր որ պիտի իրենց պատասխանատվության մի մասը պատժի կրած լինեին արդեն, նրանք հայտնվեցին փողոցում ու սկսեցին խնդիրներ առաջացնել։ Նրանք սկսեցին դիմադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, նրանք սկսեցին դիմադրել արդարադատություն իրականացնելու համար, նրանք ստեղծեցին էս վիճակը»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կոչ է անում մարդկանց զգոնություն ցուցաբերել, չտրվել սադրանքների։ Հովյաննիսյանի կարծիքով, հեղափոխոթյունից հետո երկրի առաջնորդի կողմից մարդկանց տրված խոստումները չեն կատարվել․ - «2018 թվականից հետո այն բոլոր խոստումները, որոնք տրվել էին բազմահազարոց ժողովրդին, որոնք հավաքվել էին նույն այդ հրապարակում, չկատարվեցին, որևէ բարեփոխում որպես այդպիսին տեղի չունեցավ։ Եվ այս սարսափելի պատերազմը, որը ևս ապաշնորհության և նույնիսկ լրջագույն սխալների արդյունք էր․․․ պատերազմը առաջնորդելու, քանի որ գլխավոր գերագույն հրամանատարը հենց նույն վարչապետն էր։ Վարչապետը կարծում է, որ ինքը ամենաանթերին է գործել և մնացած բոլորի վրա փորձում է բարդել սխալները»։

Մարդու իրավունքների նկատմամբ բացարձակ հարգանք դրսևորելու կոչով էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է հանդես եկել։ Օմբուդսմենն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում: Իշխանությունն ու իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG