Մատչելիության հղումներ

Բաքուն հաստատել է Խծաբերդից վեց տասնյակ զինվորականների գերեվարումը, ըստ Մուրադովի՝ նրանց վտանգ չի սպառնում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պաշտոնական Բաքուն հաստատում է Խծաբերդի մարտական դիրքերից ավելի քան 60 զինվորականների գերեվարվելու փաստը: Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։ Նա գործընկերոջ հետ Արցախում է, որտեղ այսօր հանդիպել են ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպմանը նաև Արցախի նախագահն է մասնակցել, գերեվարվածների հարազատներ, որ մի քանի օր Արցախում որևէ լուրի են սպասում․ Խծաբերդի դիրքեր մեկնած Շիրակի պահեստազորայինների գերեվարման մասին պարզ էր դարձել մի քանի օր առաջ՝ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից։

«Խիստ կարևոր հարց ունեինք, որը ծնողների համար այս պահին թերևս ամենակարևորն է, թե իրենց հարազատների կյանքին և առողջությանը արդյոք որևէ վտանգ սպառնում է, թե ոչ, ինչին ի պատասխան՝ գեներալ Մուրադովը վստահեցրեց, որ անվտանգ են, որևէ խնդիր չկա, որը կարողանար կասկածի տակ դնել իրենց կյանքը և առողջությունը, ավելին՝ նշեց, որ գերեվարվածները այժմ գտնվում են Բաքվում։ Պաշտոնական Բաքուն այս պահի դրությամբ հաստատել է, որ հայկական կողմից ունի թվով 62 գերեվարված զինծառայող», - «Ազատությանը» փոխանցեց Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորի խոսքով՝ խաղաղապահ զորքերի հրամանատարը հավանաբար եկող շաբաթ կմեկնի Բաքու՝ գերեվարված հայ զինվորականների վերադարձի գործընթացով զբաղվելու համար․ - «Հաջորդիվ փոխանցվել է անվանական ցուցակը գերեվարվածների, որը հայկական կողմն է տրամադրել, որը մեր կողմից ծնողների հետ նաև աշխատանքի ընթացքում է հավաքագրվել, որը արդեն պարոն Մուրադովը կփոխանցի հակառակորդ կողմին»։

Խծաբերդ-Հին Թաղերի հատվածում նաև Էջմիածնի պահեստազորայիններն էին ծառայություն իրականացնում։ Նրանցից 9 հոգի զոհվել են, փաստաբան Սիրանուշ Սահակյանի տվյալով՝ երկու զինծառայողներ էլ գերեվարված են։ Այժմ Ստրասբուրգի դատարանի միջոցով փորձում են Բաքվից տեղեկություններ ստանալ հայ գերիների մասին։

«Դեպքեր եղել են դատական գործընթացի շրջանակներում, որ չեն հաստատել մեկ-երկու անգամ տեսանյութով նոր դեպքերը, սակայն երրորդ անգամ հաստատել են», - «Ազատությանը» ասաց Սահակյանը։

Խծաբերդ-Հին Թաղերի հատվածում գերեվարված 64 զինվորականներից բացի՝ հայկական կողմն ունի տեղեկություններ 150 գերիների վերաբերյալ։ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ 50 հոգու գերեվարման ապացույցներն անհերքելի են, կան տեսանյութեր։ Ադրբեջանը, սակայն, միայն 10 հոգու գերեվարման փաստն է հաստատում, և հայկական կողմն ակնկալում է՝ նվազագույնն այս 10 հոգուն մինչև տարեվերջ կվերադարձնեն Հայաստան։

«Կան հաստատված դեպքեր, նաև մեր կողմից նույնականացվող անձանց շրջանակում, որոնք դեռևս չեն վերադարձվել։ Բայց նաև ունենք չհաստատված անհերքելի դեպքեր, որոնցով ակնկալում ենք, որ վերադարձվելու են, պարզապես քանի դեռ ֆորմալ հաստատումը չկա, վերադարձման գործընթացը բավականին բարդ է լինելու», - ընդգծեց փաստաբանը։

Գերեվարվածների հարազատները սպասում են, անհայտ կորած զինծառայողների հայրերը ներգրավված են որոնողական աշխատանքներում՝ փրկարարների և տեղանքին ծանոթ զինվորականների հետ։ Մինչև այսօր 1020 մարմին է հայտնաբերվել, տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սպա Հունան Թադևոսյանը։

«Որոնումների արդյունքում, որը հարավային ուղղությամբ է տեղի ունեցել, գտնվել է ընդհանուր առմամբ 22 մարմին, նրանց մեջ քաղաքացիական անձ չկար՝ բոլորը ռազմագործողությունների մասնակից էին։ Եվ այսօր աշխատանքները շարունակվում են արդեն, ևս մեկ անգամ անդրադառնում ենք Շուշիի շրջանի Քարինտակ և Խայփալու ուղղությունները՝ Խայփալուն անտառային գոտիներն են հիմնականում, լեռնային և անտառային գոտիները, այնտեղ ևս մեկ անգամ վերաորոնողական աշխատանքներ են իրականացնում փրկարար ջոկատները», - «Ազատությանը» փոխանցեց Թադևոսյանը։

Ամենացավոտը հարավային ուղղությունն է . Ջաբրայիլ, Հադրութ, Ֆիզուլի՝ ամենամեծ թվով մարմիններն այս վայրերում են գտել։ Անհետ կորածների թիվն այս պահին էլ մեծ է՝ ծնողները շարունակում են ահազանգել։ Հունան Թադևոսյանի խոսքով՝ հաճախ նորից որոնումներ են սկսում այնտեղ, որտեղ թվում էր թե ավարտել են գործընթացը․ - «Այն վայրերը, որտեղ արդեն որոնողական աշխատանք իրականացվել է, այդ ուղղություններով ևս մեկ անգամ շարունակվում է, որովհետև ըստ ծնողների ներկայացրած լուրերի՝ դեռևս կան այդ ուղղություններում մարմիններ»։

Վերջին երեք օրերին նաև երեք խաղաղ բնակչի մարմին է հայտնաբերվել Հադրութի շրջանում՝ երկու տղամարդիկ՝ Տող գյուղի իրենց տներում, և Վարդաշատ գյուղում՝ 80-ամյա Նինա Դավիթյանը։ Արցախի օմբուդսմենի տեղեկությամբ՝ տարեց կինն ամուսնու հետ մնացել էր հայրենի տանն ու սպանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նրա մարմնի վրա հրազենային բազմաթիվ վնասվածքներ են ու հարվածի հետքեր։ Ամուսնու մասին որևէ տեղեկություն չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG