Հարուցվել է քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն:
«Դեկտեմբերին` չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների», - ասված է ՔԿ հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակների արտաքին զննումներ, որի արդյունքում ի հայտ են եկել խոշտանգման մասին վկայող բավարար տվյալներ, պարզվել են դիակներից 4-ի ինքնությունը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող, պաշտպանության միջոցներից զրկված անձնակազմի 7 զինծառայող ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների ադրբեջանական կողմից պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ:
Փաստի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն: