Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
Միջադեպի առաջին իսկ ժամերից, ըստ հաղորդագրության, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:
«Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես` շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը», - նշված է ՊԲ հաղորդագրությունում:
Խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախ է մեկնել նաև Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։
Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը այսօր տեղեկացրել է, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։