Ընթացիկ հարցերից ամենահրատապը, թերևս, Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, հայտարարեց Հայաստանի վարչապետը այսօր ուղիղ եթերով հեռարձակված տեսաուղերձում։
«Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ: Առավելևս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար», - ընդգծեց վարչապետը՝ մանրամասնելով․ - «Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում»:
«Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»:
Վարչապետը հիշեցրեց, որ պատրաստվում է մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները, և համոզմունք հայտնեց, որ կկարողանա դա անել, «առավելևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ»:
«Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից, Սյունիքի՛ մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել: Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես», - վստահեցրեց Փաշինյանը։
«Մեր մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը, անհետ կորածների որոնման աշխատանքները: Նաև՝ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակի կայունացման հարցը, և սրան են ուղղված մեր ամենօրյա ջանքերը: Ցավոք, թե՜ Հայաստանում, թե՜ Արցախում դեռ կան լարվածության որոշակի օջախներ, ցավոք, գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ, ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պիտի անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարի տրամաբանության հետ», - ասաց վարչապետը։
«Միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը»
«Որքան էլ դժվար է, այս ամենը մեզ չպետք է մղի հուսահատության. որովհետև մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը ապրի՝ հայ ժողովուրդը ապրի:
Եվ այսօր՝ ժամը 13.00-ից, մենք միասին մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ ենք իրականացնելու՝ Հանրապետության Հրապարակից դեպի Եռաբլուր: Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս և մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել:
Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է: Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և ընդհանուր առմամբ կկայունացնի նաև ներքաղաքական վիճակը», - հայտարարեց Փաշինյանը։
«Պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար»
Ընդգծելով, որ Արցախյան երկրորդ պատերազմը «մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում», «վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում», «մենք ազգովի անցել ենք և անցնում ենք մղձավանջի միջով», վարչապետը շարունակեց․ - «Եվ ինչո՞ւ ամենը այսպես դասավորվեց, ինչո՞ւ այսպես եղավ: Ես, իհարկե, ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե և ասել եմ, որ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի: Բայց և չեմ կարող չասել՝ եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածը իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար, մի բան, որ անհրաժեշտ է՝ ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից»:
«Սա, իհարկե, չի նշանակում, թե պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, կոնկրետ դրվագներով մեղավորները չպետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն:
Բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկավոր, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետևանք լինել: Պետք է առերեսվել իրականության հետ և խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, մեր գործած սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային, բովանդակային բնույթ: Եվ այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական ինստիտուտների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո: Իհարկե՝ այո: Փորձո՞ւմ էի արդյոք փոխել իրադրությունը։ Իհարկե՝ այո: Բայց հիմա առավելևս համոզվում եմ, որ պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար: Դիմադրությունը հուսահատ էր, բայց՝ ոչ անիմաստ: Ու սա ասում եմ համոզված, որովհետև այսօրվա իմ ուղերձի իմաստն ու նպատակը երկրում ինստիտուցիոնալ հուսահատություն սերմանելը չէ, այլ, ընդհակառակը, լավատեսություն ու հույս կերտելը, նույնիսկ նրանց համար, ովքեր մտածում են կամ մեկնաբանում են, որ այսպիսով գուցե ավարտվում է մեր պատմությունը»:
«Մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի»
«Այն, որ մենք մեր պատմության մի շրջափուլ ավարտում ենք` ակնհայտ է: Բայց իսկական ողբերգությունը հենց այն կլինի, եթե շարունակենք ապրել ավարտի ու ավարտական տրամաբանության մեջ: Հենց սրանում է իմ ամենամեծ մտավախությունը, որ մենք այդպես էլ չկարողանանք հաղթահարել ավարտի և ավարտական այս տրամաբանությունը ու շարունակենք մնալ նրա մեջ, շարունակենք վնասել ինքներս մեզ:
Ամեն մի փլուզում, որքան էլ դա դաժան հնչի, զրոյական կետ է, նորը ստեղծելու հնարավորություն է, և հենց այսօր և հենց հիմա ուզում եմ, որ չմոռանանք այս մասին: Քավ լիցի, խոսքը ամենևին նոր օրվանից հենց այնպես նոր կյանք սկսելու մասին չէ: Նման բանի մասին խոսելը շատ շուտ է, չափազանց շուտ: Բայց մեր ողբերգությունը չպետք է կործանի մեզ, այլ պետք է ապրեցնի: Առաջին հերթին հանուն մեր նահատակների, նրանց երեխաների, նրանց ծնողների՝ սևազգեստ մայրերի, սպիտակամորուս դարձած հայրերի, աչքը ճանապարհից չկտրող երեխաների:
Իսկ սրա համար մենք պետք է խորությամբ հասկանանք՝ ի՞նչը այնպես չենք արել, ինչո՞ւ այնպես չենք արել և ե՞րբ այնպես չենք արել: Սա, իհարկե, թեկուզ ոչ հեռավոր, բայց, այնուամենայնիվ, հետագայի հարց է», - հայտարարեց վարչապետը։