Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարված շիրակցի զինվորականների ծնողներն ու հարազատները արդեն երրորդ օրն է ոչ մի հստակ պատասխան չեն ստանում, թե երբ կվերադարձվեն իրենց որդիները կամ ինչ վիճակում են նրանք հիմա։
Այսօր կրկին այլ ելք չտեսնելով՝ իրենց բողոքը տեղ հասցնելու համար տարբեր հատվածներում փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Բավրա մայրուղիները: Հարազատներն ասում էին, որ իրենք որևէ քաղաքական պահանջ չունեն, միայն պահանջում են իրենց գերեվարված երեխաների արագ վերադարձը։
Ոստիկանության ներկայացուցիչը հավաքվածներին հորդորում էր ճանապարհը բացել ու գնալ մարզպետարան՝ ներկայացնելու գերեվարվածների մասին անձնական տվյալներն ու սպասել մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը: Հարազատներն էլ պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը գա ու ասի, թե ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին:
Պատկան մարմինները դեռ սակավախոս են, երեկ կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե գերեվարվածների տվյալները դեռ ճշտվում են, ու այդ նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Դրանից մեկ օր առաջ Արցախի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ է մնում 73 մարդու ճակատագիր, երեկ ուշ երեկոյան էլ տեղեկացրին, որ Պաշտպանության բանակին է փոխանցվել նույն հատվածի դիրքերի տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին։ Զոհվածների անունները մինչ այս պահը չեն հայտարարվել։
Պաշտոնյաներից պատասխան պահանջող շիրակցիները այսօր մի քանի ժամ փակ պահեցին ճանապարհները։ Ժամը 16-ին հավաքվեցին մարզպետարանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ դռնփակ հանդիպման համար։
Մինչ ծնողների հետ հանդիպելը Արման Թաթոյանը որոշ հարցերի պատասխանեց՝ նշելով. «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը ինչ որ վերաբերում է, մենք բոլոր տվյալներն ուսումնասիրում ենք: Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է հավաքագրում տարբեր աղբյուրներից, թվային տվյալների համար կա կոնկրետ պատասխանատու մարմին ու առհասարակ այս երկրում կան պատասխանատու մարմիններ ու ամեն մեկն ունի իր գործը: Այդ մարմինները յուրաքանչյուրը պարտավոր է իր գործը կատարել այնպես, որպեսզի նման հարցեր չառաջանան: Հիմա, չնայած դրան, մենք առավելագույն հնարավորություններով ամեն դեպքում աշխատում ենք: Հարցեր կան, որոնք հրապարակելը ճիշտ չէ մեր կողմից, դրա համար ամեն դեպքում մենք մեր քաղաքացիների հետ կաշխատենք»:
Խծաբերդից գերեվարվածներից 5-ի գործն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսօր մարզպետարանում ամբողջացվել է ողջ փաթեթը, որ կրկին ուղարկվելու է ստրասբուրգյան դատարան, նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Մենք հավաքագրել ենք տեղեկատվությունը, և ըստ էության բոլորի մասով այդ փաթեթները կներկայացվեն», - ասաց Պետրոսյանը:
Մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կկազմակերպվի նաև գերեվարվածների հարազատների հանդիպումը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: