Երեկ երեկոյան, ինչպես և պայմանավորվել էին, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերում գերեվարված զինվորների հարազատները կրկին հավաքվեցին Շիրակի մարզպետարանում՝ լսելու, թե ինչ պատասխանով է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վերադարձել պաշտպանության նախարարության, Կարմիր Խաչի ու մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումներից:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ մարզպետը չէր կարողացել հանդիպել, քանի որ գերիների հարցով զբաղվողներն, այդ թվում՝ գլխավոր շտապի պետն Արցախում են: Կարմիր Խաչում հանդիպել էր պատվիրակության ղեկավարի ու պաշտպանության հարցերով պատասխանատուի հետ: Մարզպետին ասել են էին, որ Բաքվի իրենց գործընկերներից որևէ տեղեկություն չունեն:
«Էս պահին Կարմիր խաչը որևէ տեղեկատվություն Բաքվից չի ստացել։ Իրենք ամբողջ նյութերը, որոնք եղել են համացանցում՝ մեր տղաների ֆոտոները, վիդեոները փոխանակել են իրար մեջ։ Մեզանից ի՞նչ է պահանջվում՝ էս գործը շատ արագ անել է պետք․ բոլոր տղերքի մեկական հարազատից կոնտակտ, անուն-ազգանուն և հեռախոսահամար, իրենք ուղիղ աշխատում են ընտանիքների հետ», - փոխանցեց մարզպետը։
Խծաբերդում գերեվարված զինծառայողներից 5-ի ընտանիքներն արդեն փաստաթղթեր են ներկայացրել, որ ուղարկվեն եվրոպական դատարան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի հետ հանդիպած մարզպետն առաջարկեց՝ գործընթացն արագացնելու համար փաստաթղթերի փաթեթները ներկայացնել մարզպետարան:
«Հիմա որպեսզի ամեն մարդ ինքնուրույն չզբաղվի, տվեք մեզ այդ գործառույթն, այսինքն՝ մենք առավոտյան ժամը 09։00-ից մինչև 13։00-ն հավաքենք տեղեկատվություն։ Ի՞նչ է մեզ պետք՝ տղերքի նկարները՝ ցանկացած նկար, անձը հաստատող փաստաթուղթ՝ տղերքից», - ասաց Տիգրան Պետրոսյանը։
Խծաբերդի մարտական դիրքում գերեվարվածների մեծ մասը Շիրակի մարզից են, հարազատները նրանց ճանաչել էին ադրբեջանական տեսանյութերից։ Պատկան մարմիններն արդեն մի քանի օր է հստակ տեղեկություններ չեն հաղորդում գերեվարվածների ճակատագրի մասին, նրանց թիվն, ըստ Արցախի պաշտպանության բանակի, 73-ն է։
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ հատվածի դիրքերի տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին։ Նրանց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են, հայտարարեց պաշտպանության բանակը՝ հավելելով, որ ճշտում են զոհերի ինքնությունը։
Մարզպետի փոխանցմամբ, ծնողներին այսօր Գյումրիում կհանդիպի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հարազատները ցանկացել էին հանդիպել մարզի ռազմական ոստիկանության պետին ու զինվորական կոմիսարին․ նրանք զինվորականներից են պահանջում իրենց երեխաներին։
«Ո՞ւր են մեր էրեխեքը։ Տարաք Ջաբրայիլ, կամանդիրը թողեց փախավ, էրեխեքը ոտքով մինչև Գորիս էին հասել՝ 130 կմ ոտքով էին եկել, մի կերպ փրկվել էին, կրկնակի նորից երեխա ուղարկեցիք, ո՞ւմ էրեխու ճակատագրի հետ եք խաղում, մի շիշկի էրեխա չկա մեջները», - ասաց զինվորներից մեկի հայր։
«Հասկանում եմ, որ այս ամեն ինչի մեջ շատ դժվար է համբերել, բայց այլընտրանք չկա, բոլորս պետք է համբերենք։ Հենց էս պահին էլ, Երևանի խոսքերն եմ փոխանցում, «անում ենք ամեն ինչ, որպեսզի այն մարդիկ, ովքեր որ կան, հանենք», - ասաց Շիրակի մարզի զինվորական կոմիսար Արմեն Թումանյանը։