Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղից Վանաձոր տեղափոխված բնակիչներն այսօր քաղաքապետարանում դռնփակ հանդիպում ունեցան շրջանի վարչական ղեկավարի պաշտոնակատարի հետ։ Իրենց անորոշ ճակատագրի մասին հարցեր բարձրացրին, որոնց պատասխանները դեռ ոչ ոք չունի։ Ինչպե՞ս են լուծվելու խնդիրները՝ կացարանից մինչև Քաշաթաղում թողած գույքի համար վերցրած վարկեր: Փակ հանդիպմանը մտքեր փոխանակեցին ու հեռացան նույն անորոշությամբ։
«Դեռ անորոշ վիճակ ա։ Ասում են՝ մի տեղ իմանում ենք՝ էնտեղ օգնություն են տալի, փող են տալի, հետո իմանում ենք՝ սուտ ա, մի տեղ իմանում են՝ հագուստ են տալի, էս ժողովրդին ոնց որ բան անեն, լցնում են մի սենյակ, հագած շորեր, ասում՝ գնացեք, հագուստ են բաժանում, գնացեք ջոկեք։ Ի՞նչը ջոկենք, մենք էնքան հագուստ ենք թողել, որ էդ հագուստը թողայիք մենք բերենք, մենք ոչ հագուստի կարիք կունենայինք, ոչ սնունդի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կովսականում մեծ տնտեսություն ու աշխատատեղը կորցրած մանկավարժը։ Իր դարդուցավով Քաշաթաղի շրջանի ղեկավարի հետ հանդիպման էր եկել։ Անունը՝ Նիկոլ, ազգանունը՝ Մարուքյան։ Կատակում է, թե փորձում է անունով միավորել իշխանությանն ու ընդդիմությանը։ Բայց Կովսականում թողած ապրուստից խոսելիս էլ կատակելու ուժ չի մնում․ - «30 փեթակ մեղու, 5 մայր խոզ, մեծ տնտեսություն, 2 հա այգի, մեծ տուն, տնամերձ, 10 հա վարելահող, 1 հա ջրովի հող, ամեն ինչ։ Հիմա թուրքն ա վայելում մեր էղած կամպոտները, մեր փակած էդ ամեն ինչը, իմ քաշած արաղը»։
20 տարում ստեղծածը հակառակորդին թողնելուց հետո եկել, Վանաձորում 88-ի երկրաշարժից հետո ստացած տնակում են տեղավորվել, ապրելու նվազագույն պայմաններ են ստեղծում։ Բայց ավելի շատ ափսոսում է Կովսականի համար։ Կապանից 25 կիլոմետր է հեռու։ Ասում է՝ վերջին տարիներին արագ տեմպերով էր զարգանում։ Բազմազավակ ընտանիքների համար մինչև 25 միլիոն դրամ արժողության տներ են կառուցվել, հիվանդանոց, դպրոց ու մանկապարտեզ վերակառուցվել։ Շրջանը շունչ էր ստացել։ Բոլոր ներդրումները հակառակորդի ձեռքն անցան։
Հարևան Հայկազյան գյուղի 130 աշակերտով դպրոցի ուսուցչուհի Անահիտ Բալայանն էլ կսկիծով է հիշում 7 տարում վերակառուցված իրենց դպրոցը։ Ասում է՝ նախանձելի պայմաններ են թողել ադրբեջանցիներին․ - «7 տարի տևեց, մինչև էդ դպրոցը սարքեցին, մենք շատ վատ դպրոցում ենք, էլի, աշխատել, սովորել, բայց դպրոցը հենց սարքեցին, ու էդ տարի մենք չկարողացանք էլ վայելենք էդ դպրոցը, հիմա իրանք են երևի վայելում»։
Այսօր տեղեկացան, որ քաշաթաղցի ուսուցիչները հունվարից այլևս աշխատավարձ չեն ստանա։ Աշխատավարձի հիման վրա վարկեր են ստացել, ապառիկ գույք ձեռք բերել։ Արդեն ոչ աշխատավարձ ունեն, ոչ էլ վարկով վերցրած գույքը, բայց վարկային պարտավորությունները դեռ իրենցն են համարվում։ Այդ մասին առայժմ որոշում չկա։ Շրջանի ղեկավարն ասել է՝ կբանակցեն մասնավոր բանկերի հետ։
Ավտոմեխանիկ Փաշիկ Հարությունյանը հայկական կողմում մնացած Բերձորից է։ Ասում է՝ լավ գործի էր, քաղաքի լավագույն արհեստավորն էր, բայց էլ չի ուզում վերադառնալ, չնայած այնտեղ թանկարժեք հաստոցներ ու մասնագիտական գործիքներ է թողել։ Սեփական «Ժիգուլի»-ին բարձել է, ինչ տեղավորել է, ու կնոջ հետ եկել Վանաձոր։ Ասում է՝ անվտանգ չէր։
Քաշաթաղի վարչական ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն այսօր Վանաձորի քաղաքապետարանում լսեց բնակիչների խնդիրները, գրի առավ դրանք ու խոստացավ անհատական լուծումներ գտնել բոլորի համար։ Որոշ պատասխաններ գուցե մտքում արդեն ունի, բայց ասաց՝ կացարանների հետ կապված հարցերում շվարած են՝ թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում բնակարանների գներն արհեստականորեն բարձրացել են։ «Դա, ես կասեի, ոչ թե ցավալի, այլ ողբալի երևույթ է էս իրավիճակում, նման վարքագիծ են դրսևորում մեր հայրենակիցները, որ ճիշտ հակառակը պետք է լիներ», - ընդգծեց Ալավերդյանը։
Վարչական ղեկավարի պաշտոնակատարը հանդիպումից հետո ասաց՝ վերադառնում է Բերձորի իր աշխատատեղ, մինչդեռ վերադառնալու խորհուրդ այսօր էլ չտվեց մյուսներին։ «Բնակչությանը ուղղակի հորդորում եմ սպասեն իմ հաջորդ հորդորին, երբ որ ավելի հստակ կլինի, ինքս կխոսեմ», - ասաց Մուշեղ Ալավերդյանը։