Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան տեղափոխված Կարապետ Կարապետյանն ասում է՝ բոլորն էլ ուզում են վերադառնալ, բայց չգիտեն՝ ուր


Շիրակի մարզի Թորոս գյուղի ճամբարում հանգրվանած Կարապետյանները Քաշաթաղի շրջանից են։ Թե դեռ որքան կմնան այստեղ, չգիտեն, իրենց Վուրգավան գյուղն արդեն ադրբեջանական է։

59-ամյա Կարապետ Կարապետյանը 1995-ին է ընտանիքով Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն համայնքից տեղափոխվել Վուրգավան: Ուղիղ 25 տարի անց՝ պատերազմի երկրորդ օրը կանանց ու երեխաներին տեղահանել են գյուղից, մի քանի օրից էլ տղամարդիկ են դուրս եկել: Կարապետյանն ասում է՝ իրենց դուրս գալու հաջորդ օրը ադրբեջանական տանկերն արդեն գյուղ են մտել: Որդին առաջնագծում է եղել, ոտքից վիրավորվել է, տեղափոխվել Հայաստան: Իրենց հետ գրեթե ոչինչ չեն բերել, մտածել են, թե մի քանի օր կտևի պատերազմը, հետ կգնան:

«Ստեղծեցինք 25-26 տարի, ոչ մի բան չենք կարողացել հանենք: Անսպասելի գիշերվա կեսին ռմբակոծությունից փախանք: Էդ ամբողջ խաղողը, նուռը, կառալյոկը ծառերի վրա մնաց: Տղաս վիրավոր էր, ես մեքենա քշել չգիտեմ, տղայիս մեքենան մնաց, անասունները մնացին, ապրուստը, ամեն ինչը, ոչ մի բան չենք կարողացել վերցնենք: Հագի շորով հազիվ գիշերով փախել ենք», - պատմեց Կարապետ Կարապետյանը:

Թորոս գյուղում արցախցի ևս ութ ընտանիք է ժամանակավոր հանգրվանել։ Կարապետ Կարապետյանն ասում է՝ բոլորն էլ ուզում են վերադառնալ Արցախ, բայց չգիտեն՝ ուր. «Եթե գոնե ծածկ լինի գլխիս, կգնամ»:

Կինը՝ Կաքավ Հակոբյանը հիշում է, թե ինչ դժվարությամբ են տարիներ առաջ քարը քարին դրել, տուն ստեղծել, այգի հիմնել։ 6 ամսական թոռնիկին գրկած, արցունքն աչքերին տունն է հիշում. «Մենք, որ գնացել ենք Ղարաբաղ, Վուրգավան գյուղը մենք ենք բնակեցրել, առաջին բնակիչներից մեկն ենք եղել: Մենք մեր գյուղից երեք ընտանիքով գնացել ենք, ոչ մի բան չի եղել, սաղ վառած է եղել, ծառերը կտրած, թալանած, ոչ մի մրգի ծառ չի եղել, մենք ենք զրոյից ստեղծել, հիմա դարձրել ենք հեկտարներով այգիներ, բայց էսօրվա օրը թուրքը եկավ գրավեց»:

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներում իրենց՝ արդեն անվանափոխված գյուղն են տեսել։ Տիկին Կաքավն ասում է՝ անպայման հետ են գնալու, նորից կաշխատեն ու տուն-տեղ կստեղծեն։

«Ստեղծողը կստեղծի, տարբերություն չկա Վուրգավան եմ ապրում, թե կողքի գյուղերը: Թեկուզ Լաչին, թեկուզ Ստեփանակերտ, որտեղ էլ տան կգնամ, կգնամ թուրքի աչքն էլ կհանեմ, որ մենք չենք վախենում: Մենք պիտի պայքարենք մեր հողերի համար, ինչքան ուզում է գրավեն, եթե տեղ տան, հենց հիմա ընտանիքս կհավաքեմ, կգնամ: Պետք լինի զենք էլ կվերցնեմ, ափսոս առողջականս չի ներում», - ասաց Կաքավ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG