Մատչելիության հղումներ

«Ոչ ասում են` մնացեք, ոչ ասում են` գնացեք». բերձորցիները հստակություն են պահանջում


Բերձորից հեռացած ու երևանյան տարբեր հասցեներում ծանոթ-անծանոթի տներում պատսպարված բերձորցիներն այսօր հավաքվել էին՝ իրենց կարգավիճակի անորոշության մասին բարձրաձայնելու:

«Պաշտոնապես հայտարարություններն իրարամերժ են: Ես այնտեղից դուրս եմ եկել ամսի 30-ին` ժամը 18:21, ու այնտեղի տպավորությունն այնպես էր, որ հեչ էլ հայկական չի մնում, որովհետև մարդկանց այնքան անորոշ պատասխաններ էին տվել, մարդիկ իրենց դուռ ու լուսամուտներն էին քանդում, ոմանք չէին էլ հասցնում իրենք իրենցը քանդեին, որովհետև թալանում էին, մինչև տերերը հասնում էին», - ասում է բերձորցի Նելլի Թորոսյանը:

Նա հարցնում է՝ եթե այն հայկական է, ինչո՞ւ մարդկանց հրահանգվեց հեռանալ, և համատարած տներ այրվեցին: Եռակողմ համաձայնությամբ Լաչինի միջանցքը մնում է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, իսկ այդ միջանցքում Քաշաթաղի երեք համայնքներ են՝ Բերձոր, Աղավնո և Սուս: Մարդկանց սկզբում հորդորեցին հեռանալ, հետո մնալ, հետո անորոշություն էր. «Ոչ ասում են` մնացեք, ոչ ասում են` գնացեք»:

«Ո՞ւր է, որ հայկական է, եթե էստեղ հիվանդանոցն է այդքան տեղը, ստեղ թուրքը գալիս, պտտվում, գնում է, եթե մի ազգ քնած վիճակում զինվորին կացնահարում է, և նրան տալիս են ազգային հերոս, էտ ազգի հետ ո՞նց կարաս ապրես», - հարցնում է Թամարա Աբրահամյանը:

Բերձորցիները Բերձոր են հրավիրում բոլորին, ովքեր պնդում են, որ Բերձորն ապահով է: Լուսինե Առուշանյանը երեխաների հետ վերադառնալ չի պատրաստվում. «Խաղաղապահները ապահավում են միայն երթևեկությունը, և բնակիչների անվտանգությունը ոչ մեկը չի ապահովում»:

Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնվեց նոյեմբերի վերջին օրը: Ճանապարհին տեղակայված ռուս խաղաղապահներին սուրճ էր հյուրասիրում Ռուզաննա Սահակյանը, բայց հիմա նա էլ է Երևանում. «Երեկ եմ դուրս եկել, երեկոյան ժամը 8-ին հասել եմ Երևան: Դե արդեն վախենում էի, Ալիևը րոպեն մեկ ասում ա` Լաչինն իմն ա, Լաչինն իմն ա, մնայի, ի՞նչ անեի»:

Բերձորցիները պնդում են՝ թեպետ պաշտոնապես քաղաքը Ադրբեջանին չի հանձնվել, բայց այնտեղ ապրել հնարավոր չէ՝ շրջապատված են ադրբեջանցիներով, իսկ խաղաղապահները հսկում են միայն ճանապարհը. «Ինքը շատ սփռված քաղաք է, փոքր, նեղ քաղաք չի, որ ասես` բոլորս կարող ենք իրար կողք կողքի լինել: Յուրաքանչյուրիս տուն կարող է մտնել ադրբեջանցի, թուրք, և արդեն տեսնում ենք` իրենք ինչ վայրագությունների են պատրաստ»:

Արցախից պատերազմի հետևանքով տեղահանված, անտուն մնացած մարդկանց սոցիալական աջակցության ծրագրերը բերձորցիներին շրջանցում են, քանի որ կարգավիճակով այն հայկական է, բերձորցիներին հյուրընկալած ընտանիքները փոխհատուցում չեն ստանա: «300 հազարական դրամն էլ չենք ստանում»,-ասում է Կարիեն Մովսիսյանը: Կառավարություն նամակ են գրել օրեր առաջ, մի նամակ էլ այսօր են գրելու. «Այս պահին ոչ մի ծրագրից մենք չենք օգտվում, որովհետև մեզ կարգավիճակ ուղղակի չեն տվել»:

«Եթե իրենք գտնում են, որ մեզ ոչ մի բան չի հասնում, թող յուրաքանչյուրն իր երեխային, կնոջը, ընտանիքը վերցնի, ես համաձայն եմ` գա, իմ տան մեջ ապրի, ես կիջնեմ, իմ առաջին հարկում կապրեմ` ինձ ապահով զգալու համար», - նշում է Կարինե Մատինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել էր, որ աջակցության առանձին ծրագիր շուտով հաստատման կներկայացվի՝ թիրախում բերձորցիներն ու տեղահնավածներն են լինելու:

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Բերձորում է: 550 ընտանիք ունեցող քաղաքում այժմ ընդամենը 4-5 ընտանիք կա, ասաց նա. «Այս պահին ես` որպես համայնքի ղեկավար, քաղաքում եմ: Շրջվարչակազմի ղեկավարը նույնպես քաղաքում է: Կան ընտանիքներ, բնակիչներ կան, ճիշտ է ոչ սովորական առօրյայով, կան նաև զանգեր, որ ուզում ենք գալ, կան նաև, որ արդեն հստակ որոշել են, որ ճանապարհին են, գալիս են»:

Նարեկ Ալեքսանյանը հույս ունի, որ իր բնակիչների մինչև 40 տոկոսը կվերադառնա: Ասում է` Բերձորում ադրբեջանցիներ չկան, բայց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյուները գնում-գալիս են: Բերձորի ապագայի հարցում անորոշություն կա՞, քաղաքապետի պատասխանն էլ անորոշ է. «Անորոշությունը որպես այդպիսին համ կա, համ չկա»:

Իսկ բերձորցիների ուզածը որոշակիությունն է՝ եթե քաղաքը մնում է հայկական, ուրեմն իրենց անվտանգության երաշխիք տվեք, եթե այդ երաշխիքը չկա, տվեք, Բերձորի դպրոցի տնօրենի ձևակերպմամբ, ինտեգրման հնարավորություն: «Մենք արժանապատիվ մարդիկ ենք, օգնության կարիք չունենք, որ մի հատ ձեթ կամ մի կիլո բրինձ տան մեզ, ինտեգրվենք և ունենանք մեր աշխատանքը, եթե պետք է, վերապատրաստվենք», - ասում է Անահիտ Քոսակյանը:

Դպրոցը 220 աշակերտ ուներ, նրանցից ոչ ոք այժմ Բերձորում չէ, դպրոցն էլ մինչև վերջ թալանված է: Երևանցիները այդպիսի դպրոց` նորոգված-կահավորված կերազեին, թախծում է տնօրենը, իսկ Ամալյա Բաբայանը ուղղակի շվարած էր՝ ինչպե՞ս ամեն ինչ զրոյից սկսի 90 տարեկանում. «Էնտեղ էլ թազա տուն դրեցի, տեղ դրեցի, էլի սոված-ծարավ ոնց որ ուզեցի, որ մարդամեջ մտնեմ, չդառնամ բոմժ, էսօր տուն դրեցի, էսօր էտ տնից էլ փախա, այ սենց դուրս եմ եկել տնից ու 98 տարեկան եմ, կարո՞ղ եմ նորից ստեղծել, ասեք, տենամ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG