Մատչելիության հղումներ

Քաշաթաղի վարչակազմը բերձորցիներին այսօր էլ հորդորում է չհեռանալ քաղաքից, գույքը չհանել


Քաշաթաղցիները Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբում։
Քաշաթաղցիները Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբում։

Վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ բնակչությանն այդպես է ասել, քանի որ անվտանգության երաշխիքներ է ստացել վերևից, չհստակեցրեց՝ որտեղից․ - «Անվտանգության մակարդակ ա բարձրացվել և հստակություն ա մտցվել, որ միաշնանակ բնակավայրերը մնալու են, ադմինիստրատիվ ղեկավարումը լինելու է հայկական, և անվտանգության երաշխիքները՝ ֆիզիկական անվտանգության, կյանքի և կենսագործունեության հետ կապված, ավելի բարձր են լինելու»։

Քաշաթաղի շրջանը 54 գյուղ ունի, Ադրբեջանին հանձնվող համայնքների ցանկում ներառված է 52-ը և ներառված չեն Բերձոր քաղաքն ու Աղավնո գյուղը։ Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքը, որը Հայաստանն Արցախին միացնող միակ ճանապարհն է, այս համայնքներն է ընդգրկում։

Վերջին օրերին սակայն բերձորցիները նախ ռուս խաղաղապահներից են լսել, թե քաղաքը հանձնվում է, հետո էլ վարչակազմից հրահանգ ստացել հեռանալ՝ անվտանգության նկատառումներով։ Իսկ այսօր չհեռանալու կոչ են լսել։

Հիշեցնեմ, շրջանը հանձնվում է Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը ։ Լաչինի միջանցքի անխափան ու անվտանգ գործունեությունը կարևոր նպատակ համարեց Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում։

Այն, որ Բերձորի հարցը դեռ քննարկման փուլում է, երևում է նաև պաշտոնական հաղորդագրություններում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ գիշերը վարչապետ Փաշինյանն այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել է նաև Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը։

Անորոշությունը շարունակվում է, իսկ ժամանակ շատ չկա։ Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը լի է բերձորցիներով։ Քաշաթաղի շրջանային թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը շտաբում կամավոր է, իրերը Բերձորից չի էլ հանել․ - «Իրերը չի հետաքրքրում ինձ։ Ինձ հետաքրքրում ա մեր անցած կյանքը։ Մասնակցել եմ Արցախյան պատերազմին, որից հետո մնացել-ապրել եմ Բերձորում, զբաղվել եմ կրթության համակարգով, հիսուն դպրոց ենք հիմնել»։

Թերթն այլևս լույս չի տեսնում, քաղաքի ու շրջանի առօրյային կանդրադառնան օնլայն տարբերակով։

Բերձորի մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը Բերձորն այլև անվտանգ բնակավայր չի համարում․ - «Անգամ ճանապարհը էսօր էքստրիմի է վերածված, ուր մնաց նույն քաղաքում ապրենք։ Կարծում եմ, դա աբսուրդ է»։

Տունուտեղ կորցրած արցախցիները շտաբ են գալիս իրենց խնդիրները ներկայացնելու համար։ Համատարած դիմումներ են գրում, կոմունալի, տան վարձի փոխհատուցման կամ օրինակ իրերը տեղափոխելու գումար են խնդրում։

«Հիմա վեշի համար ինձ գումար տվեցին, որ ես տեղափոխեմ Վահագի վեշերը։ Իսկ իմ տան վեշի համար առայժմ ասում ա՝ Բերձորից կգնաս կվերցնես», - ասում է Անահին Հայրապետյանը։

Այս պատերազմը բերձորցի Անահիտ Հայրապետյանից խլեց երկու որդիներին և նաև այն ամենն, ինչ ստեղծել էր վերջին 25 տարում։ Զոհված երկու որդիները կին երեխաներ ունեն, բոլորով անտանիք են․ - «Հիմա ո՛չ տուն ունեն, ո՛չ տանիք ունեն, ոչինչ չունեն։ Ես էլ նույնպես տուն չունեմ։ Դրսում ենք մնացել»։

Ռուզաննա Նազարյանը 24 տարի առաջ գնաց Բերձոր՝ նոր կյանք սկսելու․ - «Ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ։ Դասավանդում էի Մշենի գյուղում։ Դժվար ենք հարմարվում դեռ էսքան կորուստների հետ»։

Հիմա Ռուզաննան ստիպված է էլի նոր կայքն սկսել այս անգամ Արագածոտնի սասունիկ գյուղում։

Միջանցքում Աստղիկ Նազարյանը երեքամյա դստերն է զբաղեցնում, մինչև հերթը գա և աջակցության մի դիմում էլ ինքը գրի։

Հարցին, թե ինչի կարիք ունի, պատասխանում է՝ չգիտեմ, ու լալիս է․․․

Ամուսինը հոկտեմբերի 2-ից չկա, Ջաբրայիլում է եղել։ Հիմա Աստղիկը երեք երեխաների հետ մենակ է մնացել։

Արցախի շտաբում հանձնված ու հանձնվող բոլոր համայնքները այժմ վերածվել են տեղանուններով թղթապանակների, որ ամեն օր լցվում են հոգսաշատ դիմումներով։

XS
SM
MD
LG