Մատչելիության հղումներ

Ըստ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի՝ Բերձորում, Աղավնոյում և Սուսում տարհանման խնդիր չկա


Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության Լաչինի (Քաշաթաղի) շրջանի 5 տասնյակից ավելի համայնքներ այսօրվանից անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս պահին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անցնում է հենց Լաչինով՝ Բերձորով:

«Ամսի 9-ի հայտարարության կետերի համաձայն, Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից 51-ն արդեն հանձնված է, երեք համայնքում՝ Բերձոր, Աղավնո, Սուս հայկական բնակչություն կա, տարհանելու խնդիր չկա, խաղաղ բնակչությունն այստեղ որևիցե խնդիր չունի՝ ապրելու և հետագա իր գործունեությունը ծավալելու: Ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայված են միջանցքի աջ և ձախ հատվածներով, մոտ ապագայում նաև կլինեն մեքենայով շրջերթեր, որպեսզի ամբողջը վերահսկվի: Ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներ որևիցե մի տեսակի չի լինելու այստեղ, հայկական՝ նույնպես: Ռազմական շարասյուները՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական, այստեղ միջանցքն անցնելիս դիմավորում են ռուսները և ճանապարհում են ռուսները՝ ռուսական խաղաղապահ զորքերը: Այսինքն՝ միջանցք մուտք գործելուց ռուսական խաղաղապահ զորքերը սկսում են ուղեկցել մինչև միջանցքից դուրս գալու հատվածը», - ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

«Ազատության» հարցին՝ այդ 51 համայնքներ ադրբեջանական զինված ուժերը չե՞ն մտել, հանձնվել է և ռուս խաղաղապահներն են հիմա հսկողություն իրականացնո՞ւմ, Ալավերդյանը պատասխանեց. «Ոչ, այդ 51 համայնքներում արդեն ադրբեջանական զինված ուժերն ամեն դեպքում դրա իրավունքն ամբողջովին ունեն, ամեն դեպքում այս երեքում [Բերձոր, Աղավնո, Սուս] ռազմական որևիցե ստորաբաժանում չի լինելու»:

Իսկ, թե այդ համայնքների հետագա կարգավիճակն ինչպիսին է լինելու, կա՞ որոշակիություն ժամկետների հետ կապված, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը պատասխանեց. «Անժամկետ: Պայմանավորվածությունը հստակ է՝ անժամկետ կարող են ապրել, խաղաղ բնակչության հետ կապված որևիցե խնդիր չկա, տեղական ինքնակառավարման մարմինների հետ մի փոքր անհստակություն կա, կարծում եմ՝ մոտ օրերս դա պարզ կլինի»:

Ադրբեջանի խաղաղ բնակիչները, ըստ Մուշեղ Ալավերդյանի, նույնպես իրավունք ունեն այստեղ ապրելու՝ «ինչ իրավական հենքով կամ ինչպիսի ղեկավարման ապարատով դեռևս հստակ չի»:

Թե Աղավնոյում, Սուսում և Բերձորում բնակչության քանի տոկոսն է մնացել, շրջանի վարչակազմի ղեկավարը նշեց. «Ամեն դեպքում իրավիճակը դեռ փխրուն է և չէի ուզենա տոկոսային առումով որևէ մի թիվ հնչեցնել: Կարող է ես այս պահին ասեմ՝ 50, պարզվի՝ 80 կամ հակառակը»:

«Ցանկացած հայ ինքը պետք է որոշի, և եթե պատերազմի տրամաբանությունը փոխվել է, ապա այստեղ էլ կա այլ բնույթի՝ սեփական տեսակը պաշտպանելու, սեփական հայրենիքի վրա ամուր կանգնելու, թեև, այո, անվտանգության երաշխիքներ ես ինքս լիարժեք չեմ կարող տալ, իհարկե, կարծում եմ՝ դեռ խնդիրներ կլինեն, վտանգավոր կլինի, բայց ամեն դեպքում կարծում եմ դա այսօր չի սկսվել և այսօր էլ չի ավարտվելու, ուղղակի պետք է հստակ ընտրություն կատարենք՝ Բերձորը, Աղավնոն և Սուսը մեզ պետք են, թե՝ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG