Մատչելիության հղումներ

«Տուն չեն տա, կսարքենք, կարևորը միասին ենք». արցախցի բազմազավակ ընտանիքները` Երևանի Խուլ ու համրերի դպրոցում


Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի Իշխանաձոր համայնքից տեղահանված ընտանիքում մի քանի օրից արդեն Երևանում կծնվի 6-րդ բալիկը։ «Հլը հայտնի չի` դեռ ինչքան ենք ֆռռալու»:

Մայրը՝ Նունե Ապրեսյանն ու հայրը՝ Սեդրակ Ոսկանյանը, 5 երեխաների հետ արդեն մեկ շաբաթ է` տեղավորվել են Երևանի Խուլ ու համրերի դպրոցում. Արցախից դուրս էին եկել ավելի շուտ՝ հոկտեմբերի 3-ին, երբ անվտանգ չէր մնալը, չէին պատկերացնում, որ էլ չեն վերադառնալու. «Ստացվեց` մեր տարածքներն արդեն մերը չեն, սենց ասած»:

«Անօդաչու սարք խփեցին հենց մեր տան մոտ, այսինքն` այդ պայթյունը երեխեքը լսեցին, էտ դմփոցից երեխեքը վախեցան: Մեզ տարհանեցին արդեն, որ անվտանգությունն ապահովենք, ու դուրս ենք եկել, եկել ենք, ոչ մի վեշ, ոչ մի բան: Ինչ որ մենք կարողացել ենք մեզ հետ մեքենայում տեղավորենք, դա ենք վերցրել, մնացածն ինչ կա, թողել ենք էնտեղ», - պատմում է Սեդրակ Ոսկանյանը:

Բազմազավակ ընտանիքը երկու տարի առաջ էր թողել Ռուսաստանն ու որոշել կյանքը շարունակել Արցախում։ Պատմում էին՝ զրոյից ամեն ինչ հավաքեցինք ու չհասցրեցինք էլ հասկանալ, որ թողնում ենք ուրիշին. իրենց տանն արդեն Սիրիայից եկած վարձկաններն են ապրում, ասում են՝ Իշխանաձորն այլևս դարձավ Խանլիք. «Մի քանի կադր տեսանք իրենց նկարածներից, շատ ծանր տարանք, դրա համար փորձում ենք սայտերում էլ ընդհանրապես այդ ամեն ինչի մասին չնայել»:

Մոսկվա հետ գնալ չկա։ Սեդրակն ասում է` շինարարությամբ է զբաղվել, հիմա էլ մի բան կմտածի։ Դեռ բարի մարդիկ են օգնում, պետությունն է աջակցում. «Ոչ անել-դնելուց ենք նեղվում, ոչ էլ, էս պահին հասկացանք, կորցնելուց էլ չենք նեղվում: Տուն կտան, տուն կվերցնենք, տուն չեն տա, տուն կսարքենք, քանի որ ունենք սենց տղերք, որոնց պետք է ապահովենք կյանքի բոլոր հնարավոր կոմֆորտը»:

Ռոմանը, Դավիթը, Թամարան, զույգ տղաները՝ Հայան ու Էան, շուտով էլ Մհերը կծնվի ու մի նոր դուռ կբացի։ Լավատեսությունն է այս ընտանիքի փրկօղակը. «Главней всего погода в доме: Եթե ընտանիքում կա սեր, համերաշխություն, միասնություն, կարևորը մենք բոլորս միասին ենք, առողջ ենք, ամենակարևորը դա է: Իսկ կյանքում ամեն բան հաղթահարելի է, եթե ընտանիքը միասին ու սիրով է»:

Այս հատուկ դպրոցի առաջին հարկում` մի փոքր սենյակում էլ տեղավորվել են Դալլաքյանները` հղի մայրը՝ Կարինեն 6 երեխաների՝ Անահիտի, Արփիի, Ալլայի, Սամվելի, Անգելի, Կարոյի և կրտսեր քրոջ` Հերմինեի հետ։ Ադրբեջանին հանձնված Զանգելանից են: Հոկտեմբերի 19-ից են դուրս եկել, սա արդեն 7-րդ իջևանատունն է. «Եթե մենք այդ օրը դուրս չգայինք, այդ օրը երեկոյան թուրքերը այնտեղ մտել էին: Որովհետև մեր դոկտորը երբ որ հետ է գնացել, իրեն բռնել, կտրտել, մասնատել էին, անգամ գլուխն էին առանձին մասնատել ու ցույց էին տվել: Եթե մենք այդ օրն իսկապես դուրս չգայինք, շատ վատ կլիներ»:

Ընտանիքի հայրը, որ որպես կամավորական էր մեկնել կռվի դաշտ, մնացել է Կապանում աներոջ հետ։ Ասում է՝ ոչինչ չեն հասցրել հանել տնից. անասունները, այգիները մնացին սահմանից այն կողմ. «Այս տարի 2 հեկտար մենակ բանջարեղեն եմ դրել, միմիայն վարունգիս մի հեկտարը մնաց էնտեղ իրենց, ես մի հատ էլ չքաղեցի: Ես երբևէ չեմ կարող մտածել, որ դա կարող է վայելել մարդն այնտեղ, երբեք: Երբ որ իմ հայ եղբայրներն այսպիսի օրը ընկան, երբեք: Ես քրիստոնյա եմ, ես վախով եմ այս ամենն ասում»:

Բայց դա էլ այլևս աչքին չի երևում։ Պատերազմը խլեց և՛ Կարինեի, և՛ ամուսնու եղբայրներին. «Երբ որ դու լսում ես դղրդյուններ, երբ որ դու տեսնում ես, թե ինչպես է ԱԹՍ-ն օդում, երբ որ դու տեսնում ես, թե այդ կրակոցի ձայները լսում ես, քո երեխաները լսում են, ու չգիտես` որտեղ թաքցնես, գիտես, որ իրենք հարվածեն, տրաքելու է, երբ որ դու տեսնում ես չորս կողմդ զինվորներ, որոնք գնում են և չեն վերադառնում, չգիտեմ...Ամեն ինչ լավ կլինի, ինձ թվում է: Մենք ձեր տանն ենք, ձեր հայրենիքում, հիմա արդեն համարում եմ իմ հայրենիքը»:

Դժբախտությունը նրանց առաջին անգամ բերեց Երևան։ Փորձում են հարմարվել, դժվար է հատկապես երեխաների համար. դպրոց պետք է գնան, բայց դեռ խնդիրներ կան. «Գրենական պիտույքների, շորերի, սապոկների խնդիրներ ունենք, դեռ չենք գնացել»:

Այսօր այստեղ ենք, բայց օտար չենք զգում մեզ, արցունքները կոկորդում խեղդելով` ասում էր Կարինեն՝ ավելացնելով՝ կմնա Երևանում, Կապանը բաց վերք է. «Ես ուղղակիորեն չեմ կարող այնտեղ ապրել, ես ինձ չեմ կարող զսպել, որպեսզի վազքով չգնամ այնտեղ, ես չեմ կարա այնտեղ ապրել, շատ մոտ ա: Մեր ընտանիքները երևի օրհնված են, որ մենք կարողանում ենք այսքան հանգիստ դիմակայել: Դու մտածում ես, որ դեռ քո փոքրիկին պետք է մանկություն տաս, թե չէ ոչինչ պետք չի, եթե քո սիրելի հարազատը քո հետ չի»:

Խուլ ու համրերի հատուկ դպրոցում այս պահին Արցախից ժամանած 12 ընտանիք է ապրում։ Պատերազմի մեկնարկից ի վեր 24-ն էին: Ով դեռ տուն ուներ Արցախում` վերադարձավ, ով կորցրեց հայրենիքը` դեռ չգիտի` ուր է գնալու.

Կացարանում ապրող երեխաները ծնողների օգնությամբ այսօր նամակ էին գրում Ձմեռ պապիկին՝ վերջին հույսն է, գուցե նա մի հրաշք գործի։

XS
SM
MD
LG