Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունները լիովին կեղծիք են լինելու


«Հայրենիքի փրկության» շարժման երթը մեկնարկեց Կոմիտասի Պրահայի այգուց: Ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, Աբովյան փողոց, ապա Սուրբ Աննա եկեղեցու մոտ, որտեղ էլ ավարտվեց երթը: Այն կոչվում էր «Արժանապատվության երթ»: Ցուցարարների պահանջն անփոփոխ է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Երթին մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, ոստիկանները նրանց ուղեկցում էին: Լարված իրավիճակ չստեղծվեց, չեղան նաև բերման ենթարկվածներ:

Այսօրվա իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին, պահանջին` ասելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ կամ հրաժարական կտա այն դեպքում, երբ ժողովրդի կամարտահայտման հավաստի դրսևորում տեսնի, քանի դեռ դա չկա, նա շարունակելու է իր պարտականությունները: «Հայրենիքի փրկության» շարժման ներկայացուցիչներից` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ: Թե՛ Նաիրա Զոհրաբյանը, թե՛ Իշխան Սաղաթելյանն ասացին, որ իրենք շարունակելու են հնչեցնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, շարունակելու են ցույցերն ու երթերն այնքան ժամանակ, մինչև որ նա հրաժարական տա:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային, համահայաստանյան, համասփյուռքյան կար այն պահին, երբ ինքը ժողովրդի թիկունքում ստորագրեց դավաճանական փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանը փորձում է մանիպուլյացիաներով, իրեն բնորոշ գավառական շուստրիությամբ կառչել վարչապետի աթոռից: Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչքան ինքը համառի, այնքան իր համար, իր քաղաքական թիմի համար հումանիտար միջանցքի հնարավորությունը նեղանալու է, և այնքան մենք` քաղաքական ուժերս, որ երբևէ կողմ չենք բացի քաղաքական ու իրավական հարթությունից, այլ հարթությունում հարցերը լուծելուն, չենք կարողանալու Փաշինյանի, իր քաղաքական թիմի համար ապահովել այդ հումանիտար միջանցքը», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև ներքին քաղաքական այս գործընթացները համարել էր ժողովրդին պրոցեսներից դուրս թողնել, ասել էր, որ իր հրաժարականի մասին, Հայաստանի սահմանների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելով` փորձում են ժողովրդի շրջանում տագնապ և խուճապ ստեղծել:

Իշխան Սաղաթելյանին հարցրինք նաև այս մասին: Նա հակադարձեց գործադիրի ղեկավարին, թե ստախոսության կամ ստերով իշխանությունն է 44 օր պատերազմական օրերին զբաղվել` հանրությանը չասելով ճշմարտությունը. «Ինքը մի տարբերակ ունի` հասկանա, գիտակցի, խելքը հավաքի գլուխը, հեռանա, որպեսզի մեր հայրենիքի այս վերջին մնացորդները կարողանանք փրկել և վերականգնել:

Նիկոլ Փաշինյանը թաքնվել է ժողովրդի հետևում, խոսում է ժողովրդի անունից, ինքը չունի դրա ոչ բարոյական, ոչ լեգիտիմ իրավունքը: Մենք ասել ենք` ինչ ենք ուզում, ընտրություններ լինելու են, ՀՀ քաղաքացին ձևավորել է իր իշխանությունը, այդ իրավունքը ոչ մեկը ժողովրդի ձեռքից չի վերցրել ու չի կարող վերցնել, պարզապես այս իրավիճակում երկիրը պատրաստ չէ ընտրության, որովհետև երկիրն անկայուն վիճակում է, որովհետև Նիկոլը կեղծելու է այդ ընտրությունը, Նիկոլն այսօր պարտվել է արդեն, չի հեռանում: Այն ժամանակ դրա կարիքը չուներ: Լևոնն էլ 91-ին չկեղծեց, հետո կեղծեց: Ինքը կեղծելու է, ինքը պարտվել է, ինքը պետք է հեռանա ու վերջ: Իր ցանկացած հնարք չի ընդունվելու: Եթե ինքը չհեռանա իր պաշտոնից, մենք պաշտոնը կհեռացնենք իրենից, մեծ այս գործողություններով` անհնազանդության, բողոքի ակցիաների միջոցով հեռացնելու ենք այդ մարդուն: Ինքը ժողովրդական աջակցություն չունի ընդհանրապես»:

«Հայրենիքի փրկության շարժման» անցումային շրջանի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. «Եթե նույնիսկ այս պարտությունից հետո ինքը դուրս չի գալիս, դուք պատկերացնո՞ւմ եք` արտահերթ ընտրություններն ինչ են լինելու: Դա աննախադեպ ջարդ է լինելու, և աննախադեպ կեղծիքներ են լինելու»: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք` 2018-ին, խորհրդարանական ընտրություններ են եղել, և արդար են եղել, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ կարար հանգիստ ընտրվեր և ընտրվել է: Բայց հիմա ինքը գիտի, որ չի ընտրվելու: Չե՞ք նկատում` ինքը բոլոր միջոցներին դիմում է, որ իշխանության մնա: Ուրեմն, դուք մտածում եք` մարդիկ գնան, թուղթ գցեն արկղի մեջ, ու ինքը թողնի՞, գնա՞, բացառվում է: Ես համոզված եմ»:

Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե ինչու ընդդիմությունը չի՞ պահանջում արտահերթ ընտրություններ, Վազգեն Մանուկյանը պատասխանում է. «Որովհետև գիտի, որ այդ արտահերթ ընտրությունները լրիվ կեղծիք են լինելու, և այստեղ ընտրությունների հարց չի: Ինքը կործանել է մեր երկիրը, կործանողը կամ ինքնասպանություն է գործում, կամ դուրս է գալիս: Ես գիտեմ, որ Նիկոլը գնալու է բոլոր դեպքերում... 10 օր հետո, մի ամիս հետո, մի ժամ հետո»:

XS
SM
MD
LG