Մատչելիության հղումներ

Վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի մի խումբ անդամներ փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր քաղաքական ուժերի մի խումբ անդամներ այսօր մի քանի րոպեով փակել էին Գյումրիից դեպի Բավրայի մաքսակետ տանող ճանապարհը: Դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը ոստիկանները արագորեն բացեցին։

Մարմարաշեն խոշորացված համայնքի դաշնակցական ղեկավար Կարեն Արշակյանը ևս միացել է վարչապետի հրաժարականը պահանջող համայնքապետերին:

«Ցանկացած հայի մոտ կա էսօրվա պահանջ մեր սահմանների հետ կապված: Ես չեմ ուզում անդրադառնալ մեր զոհված երեխաներին, որովհետև չեմ ուզում չհարգեմ էդ պահը, բայց գիտեք ի՞նչն է հարցը, այսօր սահմանների վրա չկան մարդիկ, որոնք վերահսկեն գոնե մեր տված սահմանները, գյուղի գյուղապետները, համայնքապետերը, բնակիչները սահմանները պահում են, էօրվա դրությամբ ճի՞շտ են համարում՝ չեմ իմանում ինչ պայմանագիր կնքեցին, որում հստակեցված չէ ոչ մի բան: Մեր պահանջն այն է, որ հստակեցնեն, մեր գրեվարված տղաներին օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ տեղափոխեն Հայաստան: Այն զոհված երեխաներին, որոնք այս պահին դեռ գտնվում են մեր սահմաններից դուրս, մեր նախկին տարածքներում, այդ երեխաների մարմինների տեղափոխում: Մարդիկ էսօր հստակ պատասխան չունեն՝ զոհվել է երեխան, թե գերավարվել է, թե ինչ է եղել: Մեր պահանջը դա է, նաև կառավարության հրաժարականի պահանջն է ներկայացվել հստակ, մենք ցանկություն չունենք մեր հողերը թողնելու թշնամում», - ասաց Արշակյանը:

Դաշնակցության մեկ այլ անդամ Մկրտիչ Բաղդասարյանն էլ նշեց, որ վարչապետը պետք է հեռանա և երկիրը նորից 0-ից սկսեն կառուցել. «Միայն ու միայն հրաժարականը, ուրիշ տարբերակ չկա»:

Ակցիան առանց միջադեպի չավարտվեց. ճանապարհով անցնող մեքենաներից մեկի վարորդը տեղեկանալով, որ հավաքվածները վարչապետի հրաժարականն են պահանջում՝ նրանց հետ վիճաբանության մեջ մտավ։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը նշեց, որ Գյումրիում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվելու են։

«Էսօրվա ակցիան ոստիկանության հորդորով դադարեցրինք, բայց ակցիաները շարունակական են լինելու, էս չի կանգնելու ,ու մենք հասնելու ենք մեր առջև դրված նպատակին: Վատ կառավարումը, նմանատիպ ապազգային կառավարումը տանելու է կործանման մեր երկիրը, մեր ակցիայի պահանջը այս մարդկանց հեռացումն է, պետք է անցնցում իրենք լքեն իրենց պոստը, պետք է հանձնեն պրոֆեսիոնալ կառավարիչների, պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք իրազեկ են, գիտակ են, հմուտ են իրենց գործում և արհեստավարժ են», - նշեց Մկրտչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG