Մատչելիության հղումներ

«Արժանապատվության երթ»` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով


Երևանի Արաբկիր վարչական շրջանուց այսօր մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» «Արժանապատվության երթ» ակցիան: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը նշում են, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, հեռացիր»:

Երթի մասնակիցները Երևանի փողոցներով քայլում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի:

«Ազատության» հարցին, թե վարչապետ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, հրաժարական կտա ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, ի՞նչ են պատրաստվում անել, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Ընդհանրապես ես չեմ պատրաստվում Նիկոլ Փաշինյանին մեկնաբանել, որովհետև ես իրեն համարում եմ ընդամենը ֆեյքերի պարագլուխ, այլ ոչ թե մեր երկրի ղեկավար: Ինքը մի տարբերակ ունի` հասկանա, գիտակցի, խելքը հավաքի գլուխը, հեռանա, որպեսզի մեր հայրենիքի այս վերջին մնացորդները կարողանանք փրկել և վերականգնել:

Նիկոլ Փաշինյանը թաքնվել է ժողովրդի հետևում, խոսում է ժողովրդի անունից, ինքը չունի դրա ոչ բարոյական, ոչ լեգիտիմ իրավունքը: Մենք ասել ենք` ինչ ենք ուզում, ընտրություններ լինելու են, ՀՀ քաղաքացին ձևավորել է իր իշխանությունը, այդ իրավունքը ոչ մեկը ժողովրդի ձեռքից չի վերցրել ու չի կարող վերցնել, պարզապես այս իրավիճակում երկիրը պատրաստ չէ ընտրության»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ էլ` ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. «Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ ստում է որպես փոքրիկ գավառամիտ ժյուլիկ: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային, համահայաստանյան, համասփյուռքյան կար այն պահին, երբ ինքը ժողովրդի թիկունքում ստորագրեց դավաճանական փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանը փորձում է մանիպուլյացիաներով, իրեն բնորոշ գավառական շուստրիությամբ կառչել վարչապետի աթոռից: Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչքան ինքը համառի, այնքան իր համար, իր քաղաքական թիմի համար հումանիտար միջանցքի հնարավորությունը նեղանալու է, և այնքան մենք` քաղաքական ուժերս, որ երբևէ կողմ չենք բացի քաղաքական ու իրավական հարթությունից, այլ հարթությունում հարցերը լուծելուն, չենք կարողանալու Փաշինյանի, իր քաղաքական թիմի համար ապահովել այդ հումանիտար միջանցքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG