Այսօր նրանք մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթով գնացին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ոստիկանությունը նրանց հորդորեց ազատել երթևեկելի հատվածը և ուժ կիրառեց՝ բերման ենթարկելով բազմաթիվ ցուցարարների։
«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հավաքը կշարունակեն երթով, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ ոստիկանական բաժանմունքում է գտնվում նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Երթին մասնակցում էին նաև Փաշինյանի հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստանի», Հանրապետական կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչները։
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, վարչապետ Փաշինյանը, թաքնվելով ուժային կառույցների հետևում, փորձում է պահել իր իշխանությունը․ - «Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հասկանալ, որ ինքը Հայաստանում այլևս իշխանություն չունի»։
Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, թե Փաշինյանն ամեն օր Հայաստանի տարածքներ է զիջում․ - «Ամեն օր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անտարբերության է մատնում հայ մարդու ճակատագիրը։ Գերեվարված, անհայտ կորած մեր զավակների ճակատագիրը առայսօր մնացել է օդում կախված»։
Ընդդիմադիրների երթի առաջին կանգառը կառավարության շենքն էր։ Այստեղ Արթուր Վանեցյանը հայտարարեց․ - «Մենք հաղթելու ենք մեր ներքին թշնամուն և կարողանալու ենք կառուցել մեր երազած երկիրը»։
Նա բոլոր քաղաքացիներին հորդորեց դուրս գալ փողոց և միանալ պայքարին․ - «Պետք է մեկ անգամ բոլորս իրար հետ վճռական միանանք և բոլորս միասին ևս մեկ անգամ ասենք՝ Նիկոլ, հեռացի՛ր»։
Կառավարության շենքից ցուցարարները կրկին շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ակցիան ավարտվեց։
Վանեցյանը հայտարարեց, որ վաղը քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվելու են։