Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությունը իշխանությունից չի ստացել արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Խորհրդարանական ընդդիմությունը իշխանությունից չի ստացել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը ներկայումս չունի բավարար լեգիտիմություն արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

«Այն կառավարությունը, որն ասոցացվում է բացառապես պարտության, հող հանձնելու, կապիտուլյացիայի հետ, որը չունի հանրային վստահություն, վստահաբար, չի կարող կազմակերպել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները չի բացառվում, որ ամեն կերպ գնան այդ քայլին՝ փորձելով պահպանել իրենց իշխանությունը, փորձելով պահպանել իրենց ադմինիստրատիվ լծակների կիրառմամբ հասնել հաղթանակի և պահպանել իրենց իշխանությունը», - նշեց Տոնոյանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժման» անդամ ԲՀԿ-ն ասում է՝ իրենց օրակարգում այս պահին վարչապետի հրաժարականի հարցն է, որից հետո նոր՝ անցումային կառավարության վարչապետի կազմակերպած արտահերթ ընտրություններինը։ Իսկ ինչպե՞ս է չափվում ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի լեգիտիմությունը, այս հարցը ԲՀԿ-ական պատգմավորները անպատասխան թողեցին:

«Մենք ունենք, իհարկե, մեր վերլուծությունները, բայց թույլ տվեք առայժմ չարտահայտենք», - ասաց Արման Աբովյանը:

17 կուսակցություններին չմիացած «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Վերջինս ասում է՝ իրենք կարող են կազմակերպել և երաշխավորել արտահերթ ընտրությունների թափանցիկությունը։ Պատգամավորի կանխատեսումներով վեց ամսվա ընթացքում Փաշինյանը հրաժարական կտա: «Իրականացնել ալտերնատիվ ընդդիմադիր գործունեություն, ցույց տալ այլընտրանք, ցույց տալ հնարավորություններ, որ կան, և դրանք պետք է օգտագործվեն: Եթե հարց է առաջանում՝ բա ո՞վ կարա արդար կազմակերպի, ո՞ւմ եք դուք վստահում, մենք մեզ ենք վստահում: Ոչ թե չենք վստահում ինչ-որ մեկին, այլ առաջինը մենք մեզ ենք վստահում», - նշեց Մարուքյանը:

Իշխանությունը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ժամկետների հարցը քննարկման թեմա է։ Այս գործընթացներից անկախ իշխանությունները նախաձեռնել էին Ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Ըստ ավելի վաղ սահմանված օրակարգի, մեկ ամսվա ընթացքում կլինի նախագիծը, որից հետո հաջորդ տարեսկզբին նախատեսվում է դրա քննարկումը և ընդունումը։

«Նախագիծը դեռ անցյալ տարի հունվարին ուղարկվել էր նաև Վենետիկի հանձնաժողով ԵԱՀԿ/ԺՄԻԳ, և մարտին մենք ստացել էինք պատասխանը, բայց համավարակով պայմանավորված որոշեցինք, որ դրա ընդունումը պակաս հրատապ է, իսկ հետո շատ ավելի մեծ մարտահրավերների առաջ կանգնեցինք՝ ադրբեջանական ագրեսիայի տեսքով: Ինչո՞ւ եմ գործընթացը շեշտում, որովհետև թե՛ կուսակցությունների մասին օրենքի, թե՛ Ընտրական օրենսգրքի մասով առանձին դեպքերում նկատել եմ, որ կա քննարկում, թե արդյոք սա կապված է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հետ», - ասաց իշխանական պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը կարևոր է համարում, որ իշխանությունները հստակեցնեն՝ արտահերթ ընտրությունների գնում են, թե ոչ, և եթե, այո, նոր Ընտրական օրենսգրքո՞վ, թե՞ հնով։

«Եթե Ընտրական օրենսգիրքը մենք ընդունենք այսօր, ուրեմն ընտրությունները պետք է անցկացնենք վեց ամիս հետո՝ Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, այսինքն խաղի կանոններին պետք է բոլորը պատրաստվեն: Եթե Ընտրական օրենսգիրքը մնա այնպես, ինչպես կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ: Խաղի կանոնների մեջ է մտնում նաև քաղաքական կամքը, օրինակ, ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին ձերբակալելը, կալանավորելը, քրեական գործ հարուցելը, խաղի կանոնների մեջ է մտնում նաև մեդիայով բոլորին հավասար հնարավորություններ տալը, ովքեր խախտում են այդ կանոնը, պետք է խստիվ պատժվեն», - նշեց Մարուքյանը:

Նկատենք իշխող ուժը չի բացառում, բայց հստակ էլ չի հայտարարում, որ մտադիր է անցկացնել արտահերթ ընտրություններ։

XS
SM
MD
LG