Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորներն ասում են՝ արտահերթ ընտրությունների կգնան, եթե հանրային պահանջ լինի


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Չնայած ընդդիմության ամենօրյա ցույցերին և անհնազանդության ակցիաներին՝ իշխանական պատգամավորները կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա և հենց իր գլխավորած կառավարությունն էլ պետք է կայունացնի երկրում ստեղծված իրավիճակը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը չի ժխտում՝ իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազել է, բայց եղած քաղաքական ուժերից վստահելին, ըստ պատգամավորի, շարունակում են իրենք մնալ։

«Եթե, օրինակ, էդ իշխանությունը գնաց, կամ էդ վարչապետը գնաց, հետո ո՞վ է գալու, ի՞նչ է անելու ու ի՞նչ ճանապարհային քարտեզ ունի, ես էդ հարցի պատասխանը որևէ մեկից հանգամանալից չեմ լսել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թունյանը։

Պատգամավորը համամիտ է՝ փողոցում պայքարող 17 կուսակցությունից բացի էլի ուժեր կան, որ պահանջում են Փաշինյանի հրաժարականը, բայց իշխանության կողմնակիցներն էլ, ըստ նրա, քիչ չեն։ Փաշինյանի հրաժարականը պահանջողնե՞րն են շատ, թե՞՝ կողմնակիցները, այս պահին, պատգամավորի խոսքով, դժվար է հստակ որոշել։

«Մենք ինտուիտիվ էդ կարծիքների մասին դատողություն անում ենք ըստ մամուլում, կամ սոցցամցերում ակտիվության։ Այսօր սոցցանցերում ու մամուլում ավելի ակտիվ է այն մասսան, որը որ պահանջում է կտրուկ գործողություններ», - ասաց Թունյանը։

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում հանրության տրամադրությունները որոշել սահամանդրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով, Բաբկեն Թունյանը պատասխանեց՝ սխալ է համարում այս պահին ընտրությունները, թեև ընդդիմախոսների տրամաբանությունը, որ պարտված վարչապետը խոցելի է և չի կարող բանակցել, հասկանալի է համարում։

«Կարծում եմ, որ էս պահին արտահերթ ընտրություններ անելը սխալ է, եթե հասարակական պահանջ կլինի, էդ քայլին անպայմանորեն կգնանք», - ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացել են նաև մի շարք համայնքների ղեկավարներ։ Շիրակի մարզից ռեյտինգային կարգով ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարծում է, որ համայնքապետերն ընդամենը մեկական ձայն են և չեն կարողացել աջակցել ընդդիմությանը համայնքի անունից։ Պատգամավորը հիշեցնում է՝ համայնքներից մեկի բնակիչների ակցիան հօգուտ Փաշինյանի։

«Նախօրեին, օրինակ, Ազատան համայնքում տեսանք, թե ինչ է կատարվում․ հավաքվեց ժողովուրդն ու ընդվզեց, որ իրենց անունից որևէ մեկը նման հայտարարություն էր արել և, հակառակ այդ մոտեցման, նրանք սկսեցին պահանջել համայնքի ղեկավարի հրաժարականը», - ասաց Բաղդասարյանը։

Իշխանականներից Նիկոլայ Բաղդասարյանն էլ անընդունելի է համարում, որ իշխանության հրաժարականը պահանջում են՝ հիմք ընդունելով պատերազմում պարտությունը։

«Պատերազմի պարտությունը չի կարելի հիմք ընդունել և ձևակերպել, որ պարտադիր պետք է հրաժարական տրվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ըստ նրա, հրաժարականն ամենահեշտ բանն է, որ կարողեն անել, բայց իրենք ընտրել են բարդ ճանապարհը՝ պատասխանատվություն ստանձնելը։

«Անկեղծ եմ ասում՝ ամենահեշտը պատասխանատվությունը քո վրայից գցելն է և տալ այլ անձի և ասել, որ՝ «գիտեք ինչ, դուք զրոյից սկսեք էս գործընթացը, մենք, պայմանական ասենք, պատերազմը պարտվել ենք, գցում ենք մեր պատասխանատվությունը ձեր վրա, կազմակերպեք ընտրություններ, իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը և տեսնենք դուք պատասխանատվություն կարո՞ղ եք կրել իրավիճակից, թե՞՝ ոչ», - ասաց Բաղդասարյանը։

Այս փուլում արտահերթ ընտրություններին դեմ է նաև «Իմ քյալից» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պատերազմն իր հետևանքներով պարտություն չէ, ընդամենը ցավալի իրողություն է, Փաշինյանի թիմակիցն այս կարծիքին է։

«Ցավալի իրողություն էր, որտեղ դեռ մենք շտկելու հնարավորություն ունենք բանակցային գործընթացքում», - ասաց Աղազարյանը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն, ըստ պատգամավորի, հանրության լայն զանգվածմները չեն պահանջում։ Նա վրդովված է, որ կան մարդիկ, որոնց համար դարակազմիկ իրադարձություն է թվում, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ուՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինը հորդորւմ են Փաշինյանի վայր դնել մանդատը։

«Ինձ բոլորովին չի թվում դարակազմիկ դրսևորում։ Ինձ համար հոգևոր հոր ձայնը և գյուղացու ձայնը նույն արժեքն ունեն, որպես ընտրող», - ասաց Հովիկ Աղազարյանը։

Իշխանական այս պատգամավորները չեն միանա ընդդիմությանը, բայց չեն բացառում, որ իրենց խմբակցությունում կլինեն այդպիսիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG