Մատչելիության հղումներ

Իշխող ուժը չի բացառում արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական կոնսուլտացիաները ընդդիմադիրների հետ


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան

Իշխանությունը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հարցով ընդդիամդիրների հետ քաղաքական կոնսուլտացիաները։

Լրագրողների հետ զրույցում այդ հեռանկարից խոսեց «Իմ քայլից» Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Իշխող ուժը չի բացառում, բայց հստակ էլ չի հայտարարում, որ մտադիր է անցկացնել արտահերթ ընտրություններ։ Արտահերթի անցկացման հարցով քննարկումները երեկ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չէր բացառել նաեւ Նիկոլ Փաշինյան՝ պայմանով, որ հարկադրանքի ու սպառնալիքի լեզվով խոսողներ չլինեն։

Նիկոլ Փաշինյանի հեռացում, նոր վարչապետի պաշտոնում իրենց թեկնածունի՝ Վազգեն Մանուկյանի ընտրություն, օրեր շարունակ իշխանությունից 17 կուսակցությունների պահանջն է։

Ալեն Սիմոնյանն այսօր ասաց․ - «Նման զարգացումը [քաղաքական կոնսուլտացիաները] չեմ բացառում, ինչպես նաև՝ իշխանությունը պատրաստ է նման առաջարկ քննարկելու։ Իշխանությունը պատրաստ է նման քննարկում սկսել էն պայմաններով, ինչը որ վարչապետը նշեց, որ ոչ մի կողմ մյուսին չի սպառնում»։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ձեւավորած «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, Դաշնակցության ԳՄ-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ չեն պատրաստվում հրաժարվել իրենց պահանջից՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ են արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցել իշխանության հետ՝ հրաժարվելով իրենց պահանջից։ «Մենք չենք կարող հրաժարվել Փաշինյանի հրաժարականի պահանջից։ Միակ բանը, որ կարող ենք իրենց հետ բանակցել, դա իրենց հեռանալու պահանջն է։ Ուրիշ բանակցելու հարց մենք իրենց հետ չունենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չունի էդ բարոյական, լեգիտիմ իրավունքը երկրում ընտրություններ կազմակերպելու համար։ Պարզապես դրանով փորձում է ձգել իր պաշտոնավարման ժամկետը», - նշեց Սաղաթելյանը։

17-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ երեկ մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում առաջիկա 1 տարում արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացումն անհեթեթություն էր որակել. - «Երկիրը այս վիճակում, հրատապ հարցեր, ներքին գզվռտվածություն, հոգեբանական այս ճնշման վիճակում ավելացնել նաև կուսակցությունների պայքարը իրար դեմ, դա կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը»։

Իշխանությունից Ալեն Սիմոնյանն այսօր հակադարձեց. – «Մարդ, որ ո՛չ կուսակցություն ունի, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը․․․ բոլորը մշտապես մեղադրվել են առնազն ընտրակեղծարարության մեջ։ Մի տարի դուք ոչ մի բանի մեջ պտի չխառնվեք։ Իրա՞նք պետք է որոշեն․․․ Համակարգը վերականգնեն ընտրակեղծարարների, հարյուրապետերի և էդ ժամանակ նոր տանեն ընտրության։ Չի լինելու տենց»։

Այս պահին միայն «Հանուն հանրապետության» նորաստեղծ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է հայտարարում, որ իշխանության հետ արտահերթ ընտրությունների հարց են քննարկում։ Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանին չեն հանդիպել, քննարկումները եղել են իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմի հետ։

Բաբաջանյանը դնում է արտահերթ ընտրությունների, բայց ոչ Փաշինյանի հեռացման պահանջ․ - «Իշխող քաղաքական թիմից եղել է այդպիսի հրավեր խոսակցության։ Մենք քննարկում ենք ստեղծված իրավիճակից դուրս գալու բազմաթիվ սցենարներ, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների գնալու շուրջ։ Համոզում ունեմ, որ իշխանությունը գնալու է արտահերթ ընտրությունների»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը հակառակ կարծիքին է՝ իշխանությունը արտահերթի չի ուզում գնալ, ժամանակ է ձգում, որ ժողովրդի ցասումը նվազի։ Ասաց՝ արտահերթի հարցով քննարկման մասնակցելու հրավեր իշխանությունից չեն ստացել, լինի կորոշեն՝ մասնակցել դրանց, թե՝ ոչ։ «Լուսավորը» Փաշինյանի հրաժարականի պահանջ հնչեցնում է, բայց այս պահին հանրահավաքներ անող 17 կուսակցություններին չի միացել։ Նրանք վարչապետի իրենց թեկնածուն ունեն՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քննարկման առաջարկ չի եղել։ Բայց այս փուլում, քանի դեռ երկրում տոտալ անիշխանություն է, անընդունելի է էս պայմաններում գնալ խորհրդարանական նոր ընտրությունների։ Որովհետև կհաղթի նա, ով կարողանա ավելի շատ կեղծել ընտրությունները։ Ով կկարողանա ավելի շատ փող բաժանել, ով կկարողանա ավելի շատ զինված մարդկանցով վախեցնել և ստիպել մարդկանց։ Իսկ տվյալ իշխանությունն այլևս չունի իշխանություն և չի կարող երաշխավորել արդար և ազատ ընտրությունները։ Միակ տարբերակը դա այն է, որպեսզի մենք գանք իշխանության, համախմբենք բոլորին, առանց նախկին-ներկա տարանջատումներ անելու, կայունացնելով երկիրը միայն գնալ ընտրությունների», - ասաց Գորգիսյանը։

XS
SM
MD
LG