Կեսօրից հետո Լոռու մարզպետարանի մուտքի մոտ հավաքվել էին ընդդիմադիր կուսակցությունների տեղի կառույցների մի խումբ ներկայացուցիչներ։ Նրանք ցանկանում էին փակել աշխատակիցների մուտքը մարզպետարան։ Ոստիկանները շարքով պատ էին կազմել մուտքի առաջ՝ կանխելու հնարավոր միջադեպերը։
Հավաքված ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարն ու «Նիկոլ դավաճան» գրառմամբ պաստառներ էին տեղադրել շենքի առջև։ Ելույթներում նշում էին, որ անհնազանդության տարբեր ակցիաներ են կազմակերպել այն բանից հետո, երբ երկրի ղեկավարը հրաժարական չտվեց ընդդիմադիրների սահմանած ժամկետում։
«Նրա դավադիր և անհեռանկար գործողության արդյունքում մենք այլևս չունենք Արցախ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում այլևս անելիք չունի», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
«Կորստի ցավը որպես կանոն հետո է գալիս։ Մենք դեռ ահավոր հետևանքների ենք առերեսվելու։ Այդ երեխաները գնացին ընկան մսաղացի մեջ։ Նիկոլ Փաշինյանը չի ձախողել այս հարցը, նա կանխամտածված է գնացել դրան, և տասնյակ ու տասնյակ փաստեր կան դրա համար», - հայտարարեց մեկ այլ ցուցարար։
«Հայրենիք» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը, որ նախորդ իշխանության օրոք բաժին է ղեկավարել Լոռու մարզպետարանում և անդամակցել Հանրապետական կուսակցությանը, մարզպետարանի աշխատակիցներին կոչ արեց չգնալ աշխատանքի՝ շեշտելով, թե «անգամ պատերազմի օրերին մարզպետարանում պարգևավճարներ են ստացել»․ - «Բոլորդ եք տեսել այս ցուցանակները՝ Սփյուռքից Արցախին, որը մեկ ձեռքի շարժումով դառնում է պարգևավճար։ Մենք պայքարում ենք այս անարդարության դեմ։ Մենք պայքարում ենք, որ դավաճան Նիկոլը, որ գրչի հարվածով տվեց հողերը, դեռ պայքարում է իշխանության համար։ Պայքարում է, որովհետև այս սա շատ քաղցր է իր և ձեզ համար»։
Մարզպետարանից «Ազատության» հարցմանն ի պատասխան նշեցին, որ պարգևավճարները մարզպետարանում եղել են նաև նախորդ տարիներին, երբ Վահե Դոխոյանը պաշտոն է զբաղեցրել ու ինքն էլ ստացել է, անգամ 2018-ի հուլիսին՝ աշխատանքից հեռանալուց առաջ։
Մարզպետարանից նաև հերքում են, թե պատերազմի ընթացքում և դրանից հետո պարգևավճարներ են ստացել։ Նշում են, որ մոտ 15 միլիոն դրամ պարգևավճարների և աշխատավարձի ֆոնդից փոխանցել են բարեգործական հիմնադրամներին։
Քիչ անց ընդդիմադիրների ակցիայի մասնակիցների «Նիկոլ դավաճան» կոչերին փոքր-ինչ հեռվից արձագանքեցին վարչապետի կողմնակիցները և հրմշտոց սկսվեց երկու կողմերի միջև։
Վանաձորի ավագանու նախկին անդամ և նախորդ գումարման ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը տեղի ունեցածը սադրանք որակեց․ - «Նիկոլ, լսի՛ր, դու երբևիցե չես կարող այլևս ժողովրդին իրար դեմ հանել։ Քո կողմնակիցները ի վերջո գալու են այն եզրակացությանը, այն մտքին, որ դու դավաճան ես»։
Մինչդեռ վարչապետի կողմնակիցները պնդում էին, որ պատահական են հայտնվել տարածքում և որևէ սադրանքի նպատակ չեն հետապնդել․ - «Հըմի խափանել պետական մարմինների աշխատանքը հավասար է դավաճանությանը։ Մեր մեր վարչապետի կողքն ենք, ու ազգի մեծ մասը իրա կողքն ա։ Նման հավաքները, որ անում են, դա պիտի ժողովրդի կամքը արտահայտի։ Բայց իրանք չեն արտահայտել ժողովրդի կամքը, դա ընդամենը մի քանի տասնյակ մարդու կարծիք ա»։
Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները նաև ավտոերթ են արել Վանաձորում։ «Ազատության» հարցին, թե արդյոք կարող են Վանաձորում ավելացնել իրենց աջակիցների քանակը, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի ներկայացուցիչ Վահե Դոխոյանը պատասխանեց․ - «Ուղղակի մենք մի քանի հոգով իրար հետ համագործակցել, մի քանի զանգ ենք արել, հավաքվել։ Խնդիր չենք դրել մեծ մասսաներ հավաքելու։ Եվ իրականում մենք խնդիր էլ չենք դրել իրենց նման գործելու, պարալիզացնելու, ջարդելու, փշրելու»։