Այսօր կեսօրից հետո Երևանում և որոշ այլ քաղաքներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ մեկնարկեցին։
Տեսաուղերձով քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկը տրվեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ինչից հետո մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ կարճ ժամանակով փակվեցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ակցիաներ էին անցկացնում, ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Վանաձորում ու որոշ այլ քաղաքներում։ Ոստիկաններն էլ հորդորում էին չխոչընդոտել երթևեկությանը:
Ցուցարարները ոչ մեծ խմբերով շրջում էին Երևանով՝ վարչապետ Փաշինյանի դեմ ուղղված բացականչություններ հնչեցնելով։
Որոշ վայրերում ոստիկանությունն ուժ գործադրելով էր վերականգնում երթևեկությունը. կան բերման ենթարկվածներ: Ոստիկանների ու ցուցարարների միջև նաև հրմշտոց սկսվեց:
Չնայած նախապես հայտարարվել էր, որ անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17։00-ն, ցուցարարների մի խումբ բողոքի ցույցը շուրջ երկու ժամ շուտ ավարտեց, ակցիայի ավարտին ոստիկաններին ծափահարելով։
Մինչև բողոքի ցույցերի մեկնարկը ոստիկանությունը օրինակարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ էր արել։ Մասնավորապես նշվում էր՝ ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց միևնույն ժամանակ բոլո՛ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ:
«Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ և չարաշահումով իրականացնելը, ինչը դրսևորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը», - հայտարարել էր ոստիկանությունը։