«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի իր հետագա անելիքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել գողանալ մեր արժանապատվությունը, մեր պատիվը։ Չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին։ Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները», - մասնավորապես գրել է Սաղաթելյանը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր 17 ուժերը, այդ թվում՝ ՀՅ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքը», վերջնաժամկետ էին տվել Նիկոլ Փաշինյանին՝ այսօր մինչև կեսօր հեռանալու համար: Փաշինյանը հրաժարական չտվեց։
12-ն անց 08-ին մտնելով ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ քաղաքացիներն այլևս լեգիտիմ իրավունք ունեն անցկացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար։ Այդ պահից սկսած մինչև17։00 քաղաքացիները փակում էին փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։