Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։
Իր ուղերձում Արամ առաջինը մասնավորապես նշել է․ - «Շուրջ երկու տարի առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանության ղեկը։ Ներկայիս ճգնաժամային պայմաններում կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից և հնարավորություն տալ Ազգային ժողովին՝ սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով, նոր վարչապետ ընտրել։ Ակնկալում ենք, որ ընտրվող նոր վարչապետի գլխավորությամբ կազմվող անցումային կառավարությունն առաջնային կհամարի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը»։
Հայ ժողովուրդը խորը տագնապի մեջ է, ընդգծել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ շարունակելով՝ պարտվածի հոգեվիճակն անորոշության ու հուսահատության է մատնել ժողովրդին։
«Արդարացիորեն մեր զավակների արյունով կերտված ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրեցինք։ Կորցրեցինք նաև մեր ազգային արժանապատվությունը և հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ և գաղթականներ։ Երկրագունդի վրա չկա գեթ մեկ հայ, որ ազգի այս մեծ կորուստի տառապանքը չապրի։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում։
Անորոշության առջև ենք կանգնած։ Մեր ժողովրդի զավակները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրենց արդար բողոքն ու ընդվզումն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված այնպիսի փաստաթղթի շուրջ, որն Արցախի կողքին նաև վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը ու անկախությունը։ Փաստորեն, Հայաստանը նմանվում է ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավի։
Ճակատագրական այս պայմաններում մեր ժողովրդի միասնականությունն ավելի քան հրամայական է։ Հեռու պետք է մնանք բևեռացումներ առաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողականության ոգի սերմանող մոտեցումներից ու արարքներից։ Մեր ժողովրդի ներքին միասնականությունն ու հավաքական կամքը երաշխիք պետք է դառնան վաղվա հզոր Հայաստանի ու Արցախի», - մասնավորապես ասված է Արամ առաջինի ուղերձում։
Այսօր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն է հորդորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։