Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հայտարարում են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ սկսելու մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված վերջնաժամկետն ավարտվեց։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ սկսում են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ իրականացնել։

«Ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։ Հետևաբար այս պահից սկսած, մինչև 17։00-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքն, իրենց պահանջը տեղ հասցնելու համար», - տեսաուղերձի միջոցով հայտարարեց ընդդիմադիր 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության ճակատ» միավորման անդամ, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին՝ բողոքի գործողություններն իրականացնել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։

«Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ», - հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Սաղաթելյանը նաև կոչով դիմեց Փաշինյանին․ - «Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում։ Գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությունը և պետականությունը։ Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար»։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերը վերջնաժամկետ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն լրացավ այսօր ժամը 12։00-ին։ Փաշինյանը հրաժարական չի տվել։ Ընդդիմադիրները զգուշացրել էին, որ եթե Փաշինյանը հրաժարական չտա, իրենք զանգվածային անհնազանդություններ են իրականացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG