Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրաժարական չտվեց, նրա հրաժարականը պահանջողները շարունակում են պայքարը


Կեսօրից հետո ընդդիմադիրները հայտարարեցին բողոքի խաղաղ ակցիաներ սկսելու մասին։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերը, նրանց թվում Դաշնակցությունը, նախկին իշխանական ՀՀԿ-ն, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքը», վերջնաժամկետ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այսօր մինչև կեսօր հեռանալու համար: Փաշինյանը հրաժարական չտվեց։

12-ն անց 08-ին մտնելով ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ քաղաքացիները այլևս լեգիտիմ իրավունք ունեն անցկացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար․ - «Ես դիմում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողությունները անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։ Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ։ Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Նիկոլ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում»։

Իշխական «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանը տեղի ունեցողը էլիտաների հեղաշրջման փորձ է որակում։ Խորհրդարանի փոխխոսնակը ժողովրդին շրջանցելու փորձ է տեսնում ու, ինչպես ասաց՝ մի քանի հոգով նրա փոխարեն որոշելու, որ Վազգեն Մանուկյանը մեկ տարով պետք է նշանակվի վարչապետ. – «Հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ (բնական է, դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին) կորցրել են գումար աշխատելու, ինչ-որ կոչումներ ստանալու իրենց հնարավորությունը, և այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի Հայաստանի Հանրապետություն իշխանափոխություն լինի։ Բայց զավեշտը կրկին կայանում է նրանում, որ չեն ուզում ընտրություններ․․․ Ինչի՞ մեկ տարի հետո, էկեք հիմա անենք ընտրություն»։

«Ազատության» դիտարկմանը, որ իրենց քաղաքական ուժն է որոշողը, և հարցին, թե ինչու չեն հայտարարում, Սիմոնյանն արձագանքեց․ - «Որովհետև դրա հետ կապված որոշում չկա։ Եվ ես, որպես անձ, չեմ բացառում»։

Օրեր առաջ ընդդիմադիր 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային շրջանի վարչապետի միասնական թեկնածու էր առաջադրել Վազգեն Մանուկյանին։ Ինչպե՞ս է նա ընտրվելու։ Ընդդիմադիրներն այս հարցին ի պատասխան ասում էին, երբ ճնշումը մեծանա ու Փաշինյանը հեռանա՝ օրինական ճանապարհով, ԱԺ-ում։

Փաշինյանին հրաժարականը պահանջողներին այսօր միացան նաև երկու կաթողիկոսները՝ հնչեցնելով նաև ընդդիմության օրակարգային մյուս հարցերը, որ խորհրդարանը ընտրի անցումային շրջանի նոր վարչապետ, ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որն էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպի։

«Մենք հանդիպում ունեցանք նաև Հանրապետության վարչապետ, տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության կորստով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Վարչապետի գրասենյակից նախընտրեցին չարձագանքել հրաժարականի կոչերին։ Ու մինչ հեռանալու կոչեր են հնչում, պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում, թե վարչապետը հանդիպում-քննարկումներ է անցկացնում։ Վերջինը Հայաստանում Միացյալ Նահանգներ դեսպանի հետ տեղի ունեցածի մասին էր։

«Իմ քայլից» Արեն Մկրտչյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հարց թիմով չեն քննարկել. – «Թիմը ամուր է, վարչապետի մեջքին է»։

Ի դեպ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը, որը նաև այս ուժի վարչապետի թեկնածուն է, այսօր չբացառեց 17 կուսակցություններին միանալու հեռանկարը։ Չբացառեց նաև, որ կարող է հրաժարվել իր թեկնածությունից։ Առաջիկայում կայանալու է Վազգեն Մանուկյան -Էդմոն Մարուքյան հանդիպում, ըստ վերջինիս՝ Մանուկյանի նախաձեռնությամբ։

«Ամեն ինչ հնարավոր ա։ Չեք պատկերացնում ինչ ձևի ա հնարավոր», - ասաց Մարուքյանը։

XS
SM
MD
LG