Հայաստանի նոր արտգործնախարարը Արա Այվազյանն է։ 51-ամյա դիվանագետը հոկտեմբերի 16-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ հետ էր կանչվել Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2018-ին` թավշյա հեղափոխությունից հետո նախարար նշանակված Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանը հայտարարեց 2 օր առաջ` նոյեմբերի 16 -ին ԱԺ ամբիոնից` պատասխանելով պատգամավորների հարցերին։ Հայտարարությունից րոպեներ անց Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղադրեց Մնացականյանի հրաժարականի ձեռագիր դիմումը։ Այս ամենը տեղի ունեցավ Շուշիի վերաբերյալ Փաշինյանի և Արտգործնախարարության հակասական հայտարարությունների համատեքստում։
Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին եկել էր արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ապիտոնյանը։ Նոր նախարարի նշանակման որոշումը հրապարակվեց նիստից մեկ ժամ անց։ Այսօրվա հարցուպատասխանին չէր ներկայացել նաև հրաժարականի դիմում ներկայացրած արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նրան փոխարինում էր տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Ի դեպ, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին օրենսդիրի հարցերը գործադիրին աննախադեպ քիչ էին՝ ընդամենը 7 պատգամավոր հարց ուներ վարչապետին և կառավարության անդամներին։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտել էին նիստը։
ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը վարչապետից փորձեց ճշտել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած փաստաթղթի 7 -րդ կետի՝ փախստակաների վերադարձի մանրամասները, մասնավորպես կարող են արդյոք հայկական կողմի կորցրած տարածքների բնակիչները վերադառնալ իրենց բնակավայրեր. «Այստեղ նշված է փախստականների վերադարձի կազմակերպումը ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի շրջանակներում: Արդյոք դուք կոմունիկացրել եք արդեն, նկատի ունեմ հայկական կողմը, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին փախստականների գծով, և արդյոք այն փախստականները, որ այսօր կան Հայաստանում, թե տեահանված մարդիկ Ղարաբաղում, կարող են վերադառնալ, և իրենց անվտանգությունն ինչ-որ ձևով կապահովվի ՄԱԿ-ի կամ խաղաղարար ուժերի կողմից: Խոսքը գնում է նաև, այսօր ինձ մոտեցել են նաև Հադրութի բնակիչները և այդ հարցը տալիս են: Արդյոք իրենց վերադարձի որևէ միջազգային կազմակերպություն կամ թեկուզ հայտարարության շրջանակներում խաղաղարար ուժերը կարող են երաշխավորել»:
«Պարոն Իգիթյան, այսօր հրապարակված ճանապարհային քարտեզում, եթե ուշադրություն դարձրել եք, առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և ենթադրվում է, որ այդ քննարկումները և բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները: Եվ, այո, այդ իրավունքը նախատեսված է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի», - պատասխանեց վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում: Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հարցին` Թորոսյանը նաև ասաց, որ նախնական հաշվարկներով գործընթացի համար պետական բյուջեից հավելյալ 2-2,5 մլրդ դրամ աջակցության կարիք կլինի. «Իսկ մինչ այդ իմ ասած շրջանակներում ավելի հրատապ տեղավորելու և պրոցեսը սկսելուն ուղղված ջանքեր ենք գործադրում»:
Զորահավաքային ռեսուրսի և ժամկետային զինծառայողների արձակուրդների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո, պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին ի պատասխան` ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, վերատեղակայումներ զինված ուժերի, զորահավաքային ռեսուրսը և ոչ միայն զորահավաքային ռեսուրսը, ժամկետային պարտադիր ծառայողների արձակուրդների ու ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ կտրամադրվի` դեկտեմբերի 1-ից հետո, երբ որ կունենանք արդեն վերջնական կառուցվածք և պատկերացում զինված ուժերի տեղեկայման վերաբերյալ»:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանին հետաքրքում էր Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում գործող ոսկու հանքի հետագա ճակատագիրը, քանի որ հանքի մի մասը գտնվում է Ադրբեջանին վերադարձվող Քարվաճառի տարածքում։ Կառավարությունը նախընտրեց հարցին գրավոր պատասխանել։