«Որպես Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները մնում է լիովին ներգրավված ղարաբաղյան խնդրի շուրջ բանակություններում։ Պատերազմի դադարեցումը միայն առաջին քայլն էր՝ հակամարտության խաղաղ, բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ», -հայտարարել է Մայք Փոմփեոն։
Հորդորելով կողմերին հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ Փոմփեոն վերստին ընդգծել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի այն սկզբունքների վրա, որոնք տարիներ շարունակ եղել են բանակցությունների հիմքում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և մարդկանց իրավահավասարություն։
Պետքարտուղարը տեղեկացրել է նաև, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ Միացյալ Նահանգները հինգ միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և մարդասիրական այլ կազմակերպություններին՝ պատերազմից տուժածներին օգնելու համար։
«Մենք բարձր ենք գնահատում մեր դաշնակիցների ներդրումն այս հարցում, և կոչ ենք անում մյուս կառավարություններին ևս միանալ՝ նոր ու ավելի մեծ ջանքերով», - հայտարարել է Մայք Փոմփեոն։
Գործող վարչակազմի ընդդիմախոսները մինչդեռ վստահ են, որ Վաշինգտոնը կարող է և պե՛տք է ավելին անի Ղարաբաղին աջակցելու, ինչպես նաև Հարավային Կովկասում Ամերիկայի դիրքերն ամրապնդելու, ժողովրդավարությանն աջակցելու համար։
«Ամերիկյան վերնախավը կարող էր քայլեր ձեռնարկել, որպեսզի ողբերգությունն այս ծավալների չհասներ, բայց, ցավոք, երբ հակամարտությունը բռնկվեց սեպտեմբերի վերջին, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները որոշեցին հիմնականում լռել կամ չմիջամտել», - երեկ Կոնգրեսում հայտարարեց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։
«Եվ ի՞նչ ունենք մենք հիմա․․․Ռուսաստանը նոր հենակետ նվաճեց Հարավային Կովկասում և ստացավ այն, ինչին ձգտում էր դեռ 1990-ականներից։ Էրդողանի և Ալիևի ձեռքով դաժան բռնությունների զոհ դարձած հայ ժողովրդի անվտանգությունը հիմա թողնված է Վլադիմիր Պուտինի կողմից գործուղված խաղաղապահների հույսին։ Իսկ սեղանին մի թույլ համաձայնագիր է, որ որևէ բան չի ասում Թուրքիայի կողմից տարածաշրջան ուղարկված ջիհադիստների մասին, որոնք, եթե շարունակեն մնալ, կարող են նորանոր ոճրագործություններ իրագործել քրիստոնյա հայերի դեմ։ Որևէ բատ չկա Ղրաբաղի կարգավիճակը որոշելու հանձնառության մասին, և ոչ էլ որևէ բան, որ կխթաներ Ադրբեջանին խաղաղություն կնքել Հայաստանի հետ», - պնդել է հայամետ սենատորը։
Տարիներ շարունակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող Մենենդեսը նաև պնդեց, որ, բարեբախտաբար, Թրամփի իշխանավարումը կավարտվի հունվարին, և այս առումով դեմոկրատ Բայդենը շատ անելիքներ ունի․ - «Այս ագրեսիան հստակ ցույց տվեց այն, ինչ մենք վաղուց գիտեինք՝ Էրդողանն անկասկած այսօր հավակնում է տարածաշրջանում ամենաապակառուցողական դերակատարի տիտղոսին։ Առանց լուրջ հակազդեցության, նա կշարունակի առաջ տանել իր նպատակներն ու հարձակումները։ Ուստի հորդորում եմ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ Բայդենի աշխատակազմին կանգնեցնել նրան։ Այս հարցում անելիք ունի նաև Կոնգրեսը։ Մենք պետք է ի վերջո պատժամիջոցներ սահմանենք Թուրքիայի նկատմամբ։ Ես նաև հորդորում եմ գալիք վարչակազմին վերահաստատել ամերիկյան առաւնորդությունը Հարավային Կովկասում»։
Թուրքիայի դեմ պատժամիջոցներից բացի, սենատորը կոչ արեց ԱՄՆ հաջորդ վարչակազմին անհապաղ դադարեցնել ռազմական օժանդակությունը Ադրբեջանին՝ փաստելով, որ Բաքուն խախտել է դրա տրամադրման առանցքային նախապայմանը և հակամարտության խաղաղ կարգավորման փոխարեն գործի դրել ռազմական ներուժը։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք, որ բռությամբ այս հարցը կարգավորելու փորձերը հաջողության չեն հասնի, և որ մենք չենք հանդուրժի ճնշումները Հայաստանի վրա արեևլյան ու հարավային սահմաններից», - հայտարարեց Մենդնեսը։ - «Մեզ պետք է խորապես անհանգստացնեն հաղորդումները, որոնց համաձայն Ադրբեջանն այս պատերազմում օգտագործել է Ամերիկայից ստացած պաշտպանական սարքավորումները։ Վարչակազմը պետք է լիարժեք հետաքննի այս տեղեկությունները և համարժեք արձագանք տա ամերիկյան օրենքների ցանկացած ոտնահարման։ Կանադան սառեցրել է զենքերի վաճառքը Թուրքիային հենց այս պատճառով, և ես ողջունում եմ այդ երկրի վարչապետի այդ քայլը։ Միացյալ Նահանգները ևս նույնը պետք է անի և դիվանագիտական աշխատանք տանի՝ քաջալերելով մյուսներին ևս միանալ մեզ այս հարցում»։
Թրամփի վարչակազմի քաղաքականության և հաջորդի անելիքների մասին բազմաթիվ հրապարակումներ կան նաև մամուլում։ Օրերս ամերիկյան National interest-ը գրել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարությամբ ու դրանից հետո ստեղծված իրադրությամբ Նահնագները էականորեն զիջել է դիրքերը Հարավային Կովկասում։ Ավելին, հոդվածագիրը պնդել էր, թե ամերիկյան հետախուզությունն ու քաղաքական վերնախավը երեք առանցքային հարց են տապալել։ Առաջին, ինչո՞ւ Ամերիկայի դեսպանատունը տեղյակ չէր Բաքվի՝ պատերազմ սկսելու ծրագրերից, իսկ եթե տեղյակ էր, ինչո՞ւ էր Պետդեպը այս տարվա գարնանը շարունակում ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։ Երկրորդ, որքանո՞վ էր անկեղծ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղարարար իր ջանքերում, և արդյո՞ք հենց առաջին իսկ օրվանից տարածաշրջան խաղաղապահներ մտցնելու ծրագիր չէր հետապնդում։ Եվ երրորդ, ի՞նչ դերակատարություն ունի Թուրքիան, և ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները կուլիսների հետևում։
Ավելի քան երեսունհինգ տարի միջազգային քաղաքականության ոլորտն ուսումնասիրող պարբերականը պնդել էր, որ Սենատի ու Ներկայացուցիչների տան արտաքին հարցերով հանձնաժողովները հիմա պետք է հետաքննեն ու պարզեն, թե ում մեղքով և ինչպես են այս ձախողումներն արձանագրվել։