Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովի շենքի մոտ մարդկանց հոսքը չի դադարում։ Նրանք փորձում են տեղեկություններ ստանալ պատերազմ մեկնած իրենց հարազատների մասին։
«Ազատության» հետ զրույցում տագնապած քաղաքացիներն անթաքույց հուզմունքով, հազիվ զսպելով արցունքները պատմում էին, թե երբ և ինչպես են վերջին անգամ լուր ստացել (եթե ստացել են) իրենց հարազատների մասին։
Հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն մի քանի օր առաջ ասել էր, որ այս պահին որոնողական աշխատանքներ չեն կարողանում իրականացնել հայկական կողմի համար անհասանելի տարածքներում՝ գրավված Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երեկ մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց հետևյալը․ - «Մինչև այս պահը մենք կարող ենք ասել, որ մոտ 200 մարմին է փոխանցել կողմերին»։
Ամատունին հիշեցրեց, որ որոնողական աշխատանքներն ընթանում են ոչ բոլոր ուղղություններով։ Նրա խոսքով՝ տեղանքը համաձայնեցվում է կողմերի հետ․ - «Եվ մենք հույս ունենք, որ դրանք կշարունակվեն մոտակա օրերին և կընդգրկեն բոլոր տարածքները, որտեղ կարող են լինել թե՛ աճյուններ և թե՛ վիրավորներ»։
«Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում», - Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․ - «Ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք որ ողջ-առողջ են»։
Ավելի վաղ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։ Զրույցի ընթացքում քննարկել են նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու հարցը։
Ի դեպ, Կարմիր Խաչից մեզ հայտնեցին, որ գերիների փոխանակման աշխատանքները դեռ չեն սկսվել։