Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերը, ըստ Իշխան Սաղաթելյանի, չեն հրաժարվում վարչապետի հրաժարականի պահանջից


ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան

Իշխանության ներկայացուցիչը պնդում է, որ վարչապետի հրաժարականը խոշոր ցնցում է, ինչն այս պահին անթույլատրելի է։

Իր օրակարգում հրաժարականի հարց չունեցող վարչապետ Փաշինյանը առավոտյան ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրավիճակը հաղթահարելու կես տարվա գործողությունների ծրագիր։

Շարադրված 15 կետերի մեջ խոսք չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մտադրության մասին, միայն ընդհանուր ձևակերպում, որ հաջորդ տարվա հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ չհստակեցրեց, թե արդյոք հունիսից հետո պատրաստվում է արտահերթի։ Ազգային համաձայնության կառավարությունից ավելի կարևոր համարեց «ազգային համաձայնության մթնոլորտը»՝ այդպիսով ըստ էության մերժելով նախագահ Սարգսյանին։

Կառավարությանն ու իշխող ուժին Արմեն Սարգսյանը կոչ էր արել հնարավորինս արագ արտահերթի ժամկետների, նաև՝ մինչև նոր իշխանության ձևավորումը կառավարումը Ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու ճանապարհային քարտեզ ներկայացնել։

«Վեց ամիս հետո, այսինքն՝ 2021 թվականի հունիսին մենք կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները։ Առնվազն Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության», - հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը և՛ ստեղծված իրավիճակի, և՛ այն հաղթահարելու, երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն իրեն է համարել, ապա թվարկել է անելիքները։ Պետք է վերականգնվի Մինսկի խմբի ձևաչափում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, բանակցություններում էլ պետք է ընդգծվի Արցախի կարգավիճակը և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցը։ Պետք է նորոգվեն ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում վնասված տներն ու ենթակառուցվածքները: Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադառնան, պարզաբանվի անհայտ կորածների ճակատագիրը: Սոցիալական երաշխիքներ լինեն զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների, պատերազմում հաշմանդամություն ստացածների համար։ Փաշինյանը խոսել էր նաև Զինված ուժերում բարեփոխումների մեկնարկից։

Առաջիկա անելիքների մեջ նաև կորոնավիրուսի համավարակի հաղթահարումն ու դրա հետևանքների վերացումն է թվարկել, տնտեսական ակտիվության վերականգնումը։ Նշել է, որ կսկսի գործել ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, փոփոխությունների կենթարկվի Ընտրական օրենսգրքը։

Փաշինյանը պնդել է, որ իր ծրագրի նպատակը կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում:

Այս օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով, իրենց պահանջից չեն հրաժարվի. – «Երկուս ու կես տարվա ընթացքում ոչինչ չի կարողացել անել, և հիմա ևս ուզում է վեց ամիս ժամանակ այս խայտառակ, ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ինքը այլևս անելիք չունի, և վեց ժամ ավել մնալը վտանգավոր է մեր երկրի, ժողովրդի ու պետականության համար։ Ես որևէ հիմք չունեմ հավատալու Նիկոլ Փաշինյանին։ Այդ վեց ամիսը իրեն անհրաժեշտ է կրկին ժողովրդին խաբելու, մոլորեցնելու, իր ազգադավ ծրագրերը ավարտին հասցնելու համար։ Հետևաբար րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հանրահավաքները ավելի ինտենսիվ կդարձնեն։

Դաշնակցության հետ հրապարակներում Փաշինյանի հրաժարականը պահանջող մեկ այլ ուժի՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ առաջիկա քայլերից խոսեց. – «Հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետը, որը այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական է տալու»։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը («Իմ քայլը») կարծում է, որ հիմա խոշոր ցնցում (իսկ վարչապետի հրաժարականը նա հենց այդպես է որակում) չի կարելի թույլ տալ․ «Մենք հանձնառություն ենք վերցնում կարճ ժամանակահատվածում արդյունքներ ցուցադրել։ Ու եթե մենք էդ արդյունքները չցուցադրեցինք, ապա պատրաստ ենք մեր չարածի համար, կամ վատ արածի համար քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ կրել»։

Փաշինյանն այսօր նաև տեղեկացրել էր, որ իր թվարկած քայլերի իրականացման համար փոփոխություններ է իրականացնում Կառավարության կազմում՝ չմանրամասնելով, թե հատկապես որ նախարարները պաշտոնանկ կարվեն և երբ։

Խորհրդարանում էլ վարչապետը փակագծեր չբացեց։ Այս պահին միայն նոր Արտգործնախարարի անունն է հայտնի․ Զոհրաբ Մնացականյանի կփոխարինի Արա Այվազյանը։ ԱԻՆ նախարարն է հրաժարականի դիմում գրել, բայց պաշտոնանության հրամանագիրը դեռ չկա։

Թունյանի փոխանցմամբ, իրենք արդեն քննարկում են նախարարներ փոխելու հարցերը․ - «Թեկնածուներ էլ կան, ապագա թեկնածուների հարցեր էլ են քննարկվում։ Բայց դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել էս պահի դրությամբ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG