Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա


Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա։ Այսօր առավոտյան կայացած առցանց ասուլիսում պատասխանելով հարցին, թե արդյոք իր օրակարգում հրաժարական տալու հարց կա, Հայաստանի վարչապետն ասաց. «Իմ օրակարգում մտնում է հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը, ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»:

Տարածքների հանձնման մասին փաստաթուղթ ստորագրած Փաշինյանը նշում է` եթե հանրային վստահությունն իր նկատմամբ բավարար լինի, ինքը կմասնակցի նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետագա բանակցություններին. «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մասնակցի այդ բանակցություններին, բայց հիմա գործնականում տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց, և եթե պարզվի, որ բավարար չէ {հանրային վստահությունը}, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին, եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»:

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդունում է՝ ինքն է այն թիվ մեկ պաշտոնյան, որ տեղի ունեցածի համար կրում է պատասխանատվություն, բայց շատ կարևոր է, որ հիմա ժողովրդի հետ կայանա խոսակցություն, և բոլորին պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել. «Ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը, այստեղ տարընթերցում չկա, և ես հասկանում եմ նաև, ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով, ինչպես նախկինում գործունեության բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք կամ մի քիչ սուր ձևով ձևակերպեմ, մեր ժողովրդի դատի առաջ»:

Վարչապետն արձանագրեց նաև՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո Արցախի պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ նախկինում. «Արցախի պաշտպանության բանակը կա, և Արցախի պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն ունենալ, և Արցախի պաշտպանության բանակը պետք է զարգանա, պետք է հզորանա և պետք է նաև երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»:

Պատերազմի ընթացքում հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ, տեղեկացրեց Փաշինյանը՝ առանց հստակ թիվ նշելու, քանի որ ինչպես ասաց, նրանց գտնելու հույս դեռ կա։ Իսկ գերիների փոխանակումը կկազմակերպվի զոհվածների մարմինները դուրս բերելուց հետո։ Փաշինյանը կարևորեց նաև զոհված զինվորների ընտանիքների և հաշմանդամություն ձեռք բերածների համար սոցիալական երաշխիքների ապահովումը. «Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ առողջ, ապա գոնե ողջ: Օրինակ, երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»:

Փաշինյանն անդրադարձավ նաև պատերազմից հետո շրջանառվող մի շարք խոսակցություների։ Մասնավորապես, որ Շուշին ուղղակի հանձնվել է։ Հակադարձեց՝ Շուշիի տարածքից հայ զինվորների 100-ից ավելի մարմիններ են հայտնաբերվել, եթե Շուշին հանձնվել է, ո՞ւմ հրամանով և ինչի՞ համար են կռվել այդ զինվորները. «Եթե կա դավաճանություն, և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվություն դավաճանության մասին և հետո իրավապահ մարմիններին հրաժարվում է, ըստ էության, կոնկրետ տեղեկատվություն տալ, դա, ըստ էության, ստացվում է մասնակցություն դավաճանությանը»:

Փաշինյանը հայտարարում է` պատերազմից խուսափել հնարավոր կլիներ, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին. «Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ, կամ եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանություն, ինչ որ պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում` Շուշին առանց որևէ կարգավիճակի, և պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Ես ուզում եմ` մենք բոլորս շատ պարզ արձանագրենք դա, այդպես է եղել 2016 թվականից, և 2016 թվականի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության՝ այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»:

Փաշինյանը հերքում է նաև լուրերը, որ պատերազմի տարբեր փուլերում իր սեղանին տարբեր փաստաթղթեր են դրվել, և բոլորը ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունը. «Կանխել այսպիսի զարգացումը: Այո, կարող էինք, եթե համաձայնեինք այդ շրջանները հանձնել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի: Եվ մենք որոշեցինք, որ մենք փորձենք պայքարել և այդ պայքարի ընթացքում ստանալ ավելի բարենպաստ պայմաններ»:

Վարչապետը վստահ է՝ 2020 թվականի հուլիսի տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ էր պատերազմի Ադրբեջանի հետ, և իրավիճակը փոխվեց, երբ պատերազմում ներգրվվեցին Թուրքիան և վարձկան ուժերը։ Փաշինյանը վստահ է` փոխել ստորագրված փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական դրությունը, ինչն այսօր իրատեսական չէ։ Պնդում է նաև՝ ռուս խաղաղապահները սկսել են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ փաստաթղթի ստորագրումից հետո միայն։ Հերքում է պնդումները, թե Ռուսաստանի առաջարկներն ընդունելու համար բանակցել է ԱՄՆ-ի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG