Երկիրը պարտության տարած ղեկավարը չի կարող մնալ իշխանության, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը, օրակարգում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերն են։
Զոհրաբյանը հայտարարեց՝ այսօր այս դահլիճում քննարկվելու է մեկ օրակարգ՝ ռազմական դրության վերացում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական։
«Այստեղ կա մեկ մարդ, ով ուզում է ամեն գնով պահել իշխանությունը և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Որևէ քաղաքական ուժ չի ձգտում իշխանության։ Այս իրավիճակում մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, պիտի լինի նոր բանակցող։ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա անցնցում», - ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Սիրելի հայրենակիցներ, սա ձեզանից կախված չի։«Իմ քայլի» իմ գործընկերներ, այլևս դուք չեք որոշելու, ինչպես արեցիք՝ պատմության դասագրքերից հանել Հայոց պատմության հատվածը, դպրոցներից հանել Հայ եկեղեցու առարկան, Ցեղասպանության թանգարանի՝ «Հիշում և պահանջում եմ»-ից հանեցիք «պահանջում եմ»։ Պատմությունը տալու է իր գնահատականը։ Նիկոլ Փաշինյանի անունը գրվել է այլևս Պետրոս Գետադարձի և Մելիք Ֆրանգյուլի կողքին։ Այսօր այս դահլիճում քննարկվելու է մեկ օրակարգ՝ ռազմական դրության վերացում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այլ օրակարգ այս դահլիճում չի քննարկվելու»։