Մատչելիության հղումներ

Ռազմական դրությունը չեղարկելու` ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստը չի կայանա


Ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստը չի կայանա Ազգային ժողովի խորհրդի նիստում քվորումի բացակայության պատճառով։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները համատեղ՝ 37 պատգամավորի ստորագրությամբ էին նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Հայտարարությունների ժամին ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ իշխող «Իմ քայլի» պատգամավորները նիստին չէին ներկայացել։

«Գործող իշխանությունը պարզապես ռազմական դրության արհեստական երկարացմամբ ցայտուն կերպով ցուցադրում է իր վախն ու սարսափը, վախենում է համաժողովրդական ցասումի ալիքից, վախենում է իր 3 միլիոն բնակչությունից, որոնցից յուրաքանչյուրին վարչապետ էր համարում: Ես իսկապես ուզում եմ հասկանալ` երբ «Իմ քայլը» խմբակցությունը նման անձնազոհությամբ և նվիրվածությամբ պայքարում է մեր կողմից ձեռնարկվող այս գործընթացների դեմ, իսկապես ուզում եմ հասկանալ` ինչի՞ համար եք դուք դա անում: Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր, որ չի լինելու այնպիսի բան, որ մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացվի թաքուն, և Ղարաբաղի հարցը լուծվի: Այդ որոշումը կայացվեց, ընդ որում այդ որոշումը կայացվեց ձեզանից թաքուն: Եվ ինքնասիրության առկայության պայմաններում պետք է, որ դուք էլ ձեր բողոքի ձայնը բարձրացնեիք կայացված որոշման դեմ, համաժողովրդական ցասումի ալիքն այլևս անկասելի է լինելու», - ասաց Տոնոյանը:

Ռազմական դրության չեղարկումից հետո ընդդիմադիրների օրակարգում վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցն է։ Օրենքը նման հնարավորություն չի տալիս, քանի դեռ երկրում ռազմական դրություն է։ Եթե խորհրդարանական ճանապարհները սպառվեն, հնարավո՞ր է` միանաք հրապարակում ցույցեր անող ձեր գործընկերներին, այս հարցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանում է՝ իրենք միայն սահմանադրական ճանապահով են շարժվելու, իսկ ռազմական դրության պայմաններում ցույցեր անելը երկիրը տանում է ցնցումների։ Հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ի թիվս այլ ուժերի պահանջում է նաև խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը»։

«Քաղաքական ուժերը պետք է ունենան կոնսենսուսային թեկնածու, մեկ, երկրորդը` բացի արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, «Իմ քայլը» դաշինքը պետք է նրանց հետ գա ընդհանուր այդ որոշման, չի կարող հիմա այս խորհրդարանում վարչապետ ընտրվել առանց «Իմ քայլի» ձայների, հետևաբար «Իմ քայլը» դաշինքի կոնսենսուսը պետք է անցումային վարչապետի թեկնածուի համար: Դրան հասնելու համար անհրաժեշտ են քաղաքական կոնսուլտացիաներ առաջին հերթին իշխող «Իմ քայլը» դաշինքի հետ, իրենց ձայները պետք են», - նշեց Մարուքյանը:

Նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիրները ռազմական դրությունը հանելու նախաձեռնության մասին խոսել էին, սակայն հետքայլ էին արել, երբ Էդմոն Մարուքյանը հանդիպել էր ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, և վերջինս առնվազն մեկ շաբաթ էր խնդրել ընդդիմադիրներից՝ բացատրելով դա անվտանգային խնդիրներով։ Մեկ շաբաթ անց ընդդիմադիրների նախաձեռնությունը այսօր տապալեցին իշխող խմբակցության պատգամավորները, ինչը Մարուքյանը խնդրահարույց է համարում. «Ձեր պատգամավորներն «Իմ քայլի» հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը: Օրինակ` ասում են, որ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու, դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ, և տենց մեքենաները գնալու են, գալու են, տակով էլ մեր քաղաքացիները քայլելու են, նայելու են վերև` Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներին և էտ անցնող մեքենաներին: Մի հատ այդ հարցը հասկանայինք, այդ ճանապարհն ո՞ւմ հաշվին է կառուցվելու, օրինակ, ե՞րբ է կառուցվելու, ինչո՞ւ ենք այդ ճանապարհը տվել: Օրինակ` քննարկեինք, որ էս օրերին մարդկանց գերի են վերցնում խաղաղության հայտարարությունը ստորագրելուց հետո, արդյոք դա հիմք է տալիս մեզ Քարվաճառից դուրս չգալու, եթե մարդկանց գերի են վերցնում, և խախտում է դա հանդիսանում»:

«Այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները բացակա էին, դա ոչ անգործություն է, ոչ պատահականություն, դա դիրքորոշում է», - արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Ընդդիմադիրներն այսօր ավելի վաղ բոյկոտեցին ԱԺ հերթական նիստը՝ հայտարարելով, որ նման իրավիճակում այս դալիճում միայն մեկ օրակարգով նիստ պետք է տեղի ունենա, և դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է:

«Մենք այսօր բարոյական իրավունք չունենք` այստեղ ձև անել, թե ոչինչ չի եղել: Այս դահլիճում պիտի քննարկվի մեկ օրակարգ` ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, նոր իշխանություն, նոր բանակցություններ: Այդ իսկ պատճառով եթե դուք հաստատում եք ձեր օրակարգը, կարծես թե ոչինչ չի եղել, և շարունակում եք ձեր կյանքը, կարծես թե չի եղել կապիտուլյացիա, չեն եղել զոհեր, մենք չենք մասնակցելու այս նիստին», - ասաց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը:

Իշխող «Իմ քայլը» շարունակեց քննարկումն առանց ընդդիմադիրների։ 74 կողմ ձայնով հաստատեց օրակարգը ու սկսեց քննարկել 2021 թվականի բյուջեի նախագիծը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG