Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, իր ուղերձում շեշտում է Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանն այդ համոզմանն է եկել վերջին օրերի ընթացքում` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո անցկացրած քաղաքական խորհրդակացությունների արդյունքում:
Նախագահը, հիշեցնենք, խորհրդակցություններ և հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ, այդ թվում` Սփյուռքից:
«Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս օրերին մեզանից յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու վրա:
Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ձևավորված իմ դիտարկումները հետևյալն են՝
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:
Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը», - նշում է Արմեն Սարգսյանը:
Վերջինս, դիմելով իրավապահ մարմիններին, կոչ է անում պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը: