Այս փուլում վարչապետի հրաժարականն անընդունելի է, «Ազատության» հետ զրույցում ասում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն». - Պարոն Բարսեղյան, արդյոք պատերազմի այսպիսի ավարտը ենթադրում է Նիկոլ Փաշինյանի հրաժարական և արտահերթ ընտրություններ:
Լևոն Բարսեղյան. - Արտահերթ ընտրություններ ենթադրում է, բայց դա այս փուլում չի կարող տեղի ունենալ: Հարկավոր է, որ պատերազմն իսկապես ավարտվի, ապա միայն, իսկ հիմա մարտահրավերները դեռ մնում են, ու դրանք բավականաչափ ծանր են ոչ միայն ռազմական իմաստով, այլև հումանիտար ու դիվանագիտական ճամբարներում արվելիք գործի մասերով, և դրության հանդարտումից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների խոսակցությունները բավականաչափ հիմնավոր են ու ողջամիտ են: Այս փուլում բերելու է այդ ամենը լրացուցիչ ճգնաժամերի:
«Ազատություն». - Ի՞նչն է անհանդարտ, մասնավորապես:
Լևոն Բարսեղյան. - Հայտարարությունը նախ և առաջ բազմաթիվ անորոշություններով է լեցուն, ու հսկայական դիվանագիտական ու բանակցային աշխատանք կա կատարելու, որպեսզի այդ հայտարարության անորոշությունները, գուցե նաև առկա որոշակի կետերի փոփոխությունների ուղղությամբ հնարավոր լինի ինչ-որ հաջողություն գրանցել: Երկրորդը` տեղահանվածների, Հայաստան տեղափոխվածների և Հայաստանից Արցախ վերադարձողների տարրական և անհրաժեշտ, անխուսափելի խնդիրների կարգավորումն է, որը սկսել է կարծես թե տեղի ունենալ, բայց որակը դեռ չի բավարարում շատ-շատերին, հատկապես նաև այդ մարդկանց: Եվ, իհարկե կարևոր է քաղաքական երկխոսությունը Հայաստանի ներսում, ներքաղաքական խնդիրները պիտի լուծվեն Հայաստանի ներսում առանց արտաքին միջամտության, և երկկողմանի` իշխանություն-ընդդիմություն կամ իշխանություն-ներխորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմություն հակառակումները բոլորովին տեղին չեն, առավելագույն ջանքեր պետք է ներդնեն և այդ երկու կողմերը, և հասարակության մնացած ազդեցիկ մարդիկ, որպեսզի այդ երկխոսությունը սկսի տեղի ունենալ, և դա լինի որակյալ, ոչ թե լինի հիշեցումների, խեթումների, անպատվությունների, վիրավորանքների, սպառնալիքների շարք:
«Ազատություն». - Ներքաղաքական կյանքի մասով, Դուք տեսնո՞ւմ եք բռնության, զենքի գործադրման վտանգ, երբ ասվում է` կայունացնենք:
Լևոն Բարսեղյան. - Պարբերաբար այդ վտանգը երևակվում է ոչ միայն հայտնի քրեական գործի մասին, այլև հրապարակային հայտարարությունների կամ անհաջող հայտարարությունների, կամ սպառնալի հայտարարությունների, ենթատեքստում դրանք կան, և ընդհանրապես պատմությունը մեզ ցույց է տալիս, որ չպիտի բացառել, որ ինչ-որ մեկը տաքգլուխ կվերցնի և ձեռնամուխ կլինի այդ միջոցին. մենք ունենք Հոկտեմբերի 27-ի դառը, դաժան պատմություն դրանից բխած լուրջ հետևանքներով: Այնպես որ, չբացառելով ընդհանրապես տաքգլուխների գոյությունը` առաջին պատասխանատուն պետք է լինեն քաղաքական ուժերը, և ամենաառաջինը պիտի լինի իշխանությունը` այս ամբողջը լիցքաթափելու և քննարկումների, խորհրդակցությունների, գլուխ գլխի տալու միջոցով խնդիրների լուծումներ գտնելու ուղղությամբ:
«Ազատություն». - Պարոն Բարսեղյան, Դուք ասում եք` վարչապետը դեռ հրաժարական չտա, որպեսզի այդ թվում և փորձ արվի այդ փաստաթղթի չարիքները մեղմել, այս առիթով հակառակը` բերվում է փաստարկ, որ հենց ինքը պիտի հեռանա, գա կարող ուժ, որը կկարողանա արագ դա մեղմել, որովհետև ինքն այդ հնարավորությունը սպառել է արդեն:
Լևոն Բարսեղյան. - Ես կարծում եմ` որևէ նոր մարդ, մարդիկ` ով էլ ուզում է լինի, այս փուլում, երբ հանկարծ ստանձնի տեսականորեն հա այդ բանակցային առաջին խաղացողը լինելու դիրքը, ահագին լուրջ ժամանակ ու ջանքեր են պետք, որպեսզի ծանոթանա այդ ամբողջ տեղի ունեցածին, ինչ եղել է նախկինում: Ուրիշ բան, որ գործող իշխանությունը որոշումներ կայացնելու կամ բանակցելու համար ներգրավի մարդկանց, մասնագետների` անկախ քաղաքական դիրքորոշումներից կամ հայացքներից, առավելագույնը այդ փաստաթղթղից պոկելու, կորզելու համար, ինչն ամոթ չէ, այսինքն` սա պիտի լինի թիմային խաղ և ոչ թե անհատական խաղ, բայց այս ամբողջի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չի ժխտում վարչապետը, մնում է ինքը, և ինքը պիտի շարունակի այս պրոցեսից դուրս գալու, առավելագույնը ստանալու գործողությունները: