Ֆեյսբուքը հեղեղվեց պետական ու քաղաքական գործիչների, շարքային քաղաքացիների դատապարտող հայտարարություններով, թե երկրի ղեկավարը բանակի ներգրավմամբ քաղաքացիական պատերազմի կոչ է անում։
Սթափության կոչերից ու դատապարտող գրառումներից 15 ժամ անց Փաշինյանը օնլայն ասուլիսում մեկնաբանեց, թե ընդամենը ցանկանում է դահլիճային պայմաններում հանդիպել ու լսել առաջնագծի զինվորականների գնահատականները․ - «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Իհարկե, էստեղ բավականին կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո, էս ձևակերպումը օգտագործել եմ։ Եվ սա ի՞նչ է նշանակում ընդհանրապես։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված էղել և այլն և այդպես շարունակ»։
Վարչապետի գրառմանը առաջին արձագանքողներից էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ այն համարելով քաղաքացիական բախումների կոչ․ - «Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:
Օնլայն ասուլիսում վարչապետը նաև ասաց․ - ««Ի՞նչ ա նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ։ Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ։ Որտե՞ղ ա տենց գրված։ Իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և բացառենք քաղաքացիական բախումները։ Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, էդ ինչի՞ մասին է խոսքը։ Ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում։ Առաջնագծից, քանի որ խոսքը բախման մասին է, ոչ մեկ Հայաստանի Հանրապետություն և Երևան չի վերադառնում զինված»։
Վարչապետին գրառումից հետո վաղ առավոտյան սթափության կոչ է արել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Եվ մինչ տարբեր գործիչներ դատապարտում ու վտանգավոր սադրանք էին որակում վարչապետի խոսքը, այն տարածում էին նրա կինն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս ավելի ուշ իր էջից հեռացրել էր գրառումը։
Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո մանդատը վայր դրեց նրա թիմակից, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, խմբակցությունը լքեց Թագուհի Թովմասյանը, ավելի վաղ խմբակցությունից դուրս էր եկել Վարդան Աթաբեկյանը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իրեն ատելության խոսք քարոզելու համար մեղադրողներին, երկու անգամ շեշտեց, թե իր հեղինակային «պատերի տակ վնգստացող» ձևակերպումը երեկ գործածել է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Իսկ վերջինս դատավորներին կոչ էր արել «օրհասական և պատմական այս պահին ի ցույց դնել արդարադատություն իրականացնողների բարձր պրոֆեսիոնալիզմը՝ ապացուցելու պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալներ»։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությանը հաջորդեցին դատարանի որոշումները, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող Արթուր Վանեցյանի եւ Վահրամ Բաղդասարյանի ձերբակալությունը իրավաչափ չէ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման, պետական գործչի սպանության նախապատրաստման հոդվածներով։ Կեսգիշերն անց եղավ Փաշինյանի հայտնի գրառումը։
«Իմ երեկվա գրառո՞ւմն է ատելության խոսքի արտահայտություն: Այդտեղ մեկ նախադասություն կա, որ, այո, գուցե այդ արտահայտության հեղինակը ես եմ, բայց մենք տեսանք, որ նույնիսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հայտարարության մեջ այդ արտահայտությունն օգտագործում է: Ո՞վ է ատելության խոսք քարոզում», - այսօրվա առցանց ասուլիսում ասաց Փաշինյանը։
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։ Դեսպանատան թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ դեսպանը իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իրավիճակը։
«Կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերիշխանության ամրապնդմանը: Քաղաքական բռնությունը և ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում», - հայտարարել է դեսպանը: