Իշխող «Իմ քայլլը» խմբակցությունն իր հայտարարությամբ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն է արձագանքում իշխանական ֆրակցիային։
«Ընդունում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը: Մինչև երեկ մենք մեր բազմաթիվ հարցազրույցներում ու ելույթներում հույս էինք հայտնում, որ «Իմ քայլը» խմբակցությունը տեղյակ չի եղել միգուցե ստորագրված խայտառակ պայմանագրի հայտարարության վերաբերյալ, սակայն նախօրեին տարածված հայտարարությամբ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համարձակություն կունենան հայտարարելու, որ իրենք ստորագրում են այս հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական հայտարարության և որոշման մասով», - ասում է Տոնոյանը:
Իշխանական խմբակցությունը երեկ գիշեր հայտարարությամբ արձագանքել է քաղաքական ուժերի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, որի ժամանակ պետք է քննարկեին վարչապետ Փաշինյանի ստորագրած Արցախի հրադադարի հայտարարության իրավաչափությունը։ «Իմ քայլն» առաջարկում է` հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը, ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից, պատերազմի շարունակմանը: «Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը», - ասված է խմբակցության հայտարարության մեջ:
«Իմ քայլն» այսպիսով փորձում է հակադրություն փնտրել Ռուսաստանի հետ ընդդիմադիր ուժերի հարաբերություններում։ Այս հայտարարությունը պարզունակ մանիպուլյացիա է, որով փորձում են հանրության ուշադրությունը շեղել հիմնական օրակարգից»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Տոնոյանը. «Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, ես խոսում եմ կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, որ այո, Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հանդիսացել է Ռուսաստանը, սակայն մենք նախօրեին հայտարարել ենք` երբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից եկել են ազդակներ` կոնկրետ գործընթաց սկսելու խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, և այդ մեսիջը պարոն Մելքումյանի միջոցով փոխանցվել է Ազգային ժողովի ղեկավարությանը, մեր երկրի իշխանությունների կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի և ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել»:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության իրավաչափությունը քննարկելու օրակարգով «Լուսավոր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությունը երեկ գիշերը տապալվեց։ Իշխանական պատգամավորները չմիացան դրան: Ավելի ուշ խմբակցությունը հայտարարություն տարածեց։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվեց կարծիք հայտնել այս հայտարարության մասին։
Պարտության խորհրդանիշ դարձած քաղաքական մեծամասնությունը սպառել է այլ քաղաքական ուժերին խնդիրներ առաջադրելու բարոյական իրավունքը, հակադարձում է Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը. «Շատ եմ կարևորում քաղաքականության մեջ բարոյականության կողմը: Մի քաղաքական մեծամասնություն, խմբակցություն, որ իր ղեկավարի հետ սպառել է մեր հաղթանակի բոլոր հնարավորությունները, 2.5 տարի մոլորեցրել է ժողովրդին, դավաճանել և ուրացել է մեր ազգային իղձերը, մեր հաղթանակները, Շուշին, որ մեր հաղթանակի սիմվոլն էր: Այսօր մենք ունենք վարչապետ, որը մեր պարտության սիմվոլն է, և պարտության սիմվոլ հանդիսացող քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը», ուլտիմատումի պես խոսում է մեզ հետ` տվեք ձեր ճանապարհային քարտեզը` ինչպես եք տեսնում լուծումները: Դուք ժողովրդի հետ ճանապարհային քարտեզով հանձնեցի՞ք մեր հողերը, Արցախը, իհարկե ոչ: Մեր թիկունքում դուք բանակցում էիք: Առհասարակ սպառել եք բարոյական իրավունքը այլ քաղաքական ուժերին խնդիրներ առաջադրել լուծումներ: Դուք սպառել եք, դուք պարտվել եք, դուք կորցրել եք մեր երկրի հետագա հնարավորությունները»:
Իշխանական խմբակցության հայտարարությանն արձագանքել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»։