«Սասնա ծռեր» համահայկական շարժումը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին նրանք հայտարարեցին Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքի ընթացքում: Դժգոհության պատճառը նոյեմբերի10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունն է։
«Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ու շարժման անդամ Արա Պապյանը հայտարարեցին՝ այն իրավական ուժ չունի, հակասում է Սահմանադրությանը. «Գործող վարչապետը և նրա քաղաքական թիմը կորցրել են իրականության զգացումը», - ասաց Պապյանը:
«Այն, ինչ կատարվեց այսօրվա կառավարության գլխավորությամբ, մեր ժողովուրդը չի ներելու այս ամեն ինչը: Շատ ճիշտ կլիներ, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ իր հրաժարականի գործընթացը», - հավելեց Սեֆիլյանը:
Այս նույն հարթակից 17 այլ քաղաքական ուժեր, այդ թվում` խորհրդարանական «Բարգավաճ Հայաստանը», նախկին իշխանություն «Հանրապետականը» և «Դաշնակցությունը», երեկ նույն պահանջով հանդես եկան: «Սասնա ծռերը», սակայն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց. «Ընդհանրապես մերժել ենք այս կամ այն կողմի հետ որևէ երկխոսություն կամ շփում, սակայն այսօր իրավիճակը շատ լուրջ է: Այս գիտակցությամբ պետք է առաջիկա օրերին լուծում գտնվի»: Հարցին, թե կմիանան վերոնշյալ ուժերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք մեր հերթին պահանջում ենք, բնականաբար, լուծումն անպայման պետք է հրաժարականը տեսնենք»: Արա Պապյանը հավելեց. «Եթե միանայինք որպես մեկ միասնություն, երեկ կմասնակցեինք այդ 17-ին, մենք հատուկ այսօր արեցինք, որպեսզի ցույց տանք, որ մենք առանձին ուժ ենք, ինչպես եղել ենք և մնում ենք»:
Հավաքի հենց մեկնարկից ոստիկանությունը հորդորում էր մասնակիցներին դադարեցնել բողոքի ակցիան, քանի որ այն արտոնված չէ, երկրում դեռ ռազմական դրություն է։ Այդուհանդերձ, հարթակից բոլոր ելույթ ունենալու հնարավորություն ունեցան։ Նրանց խոսքով՝ վարչապետի հրաժարականին պետք է հաջորդի հակաճգնաժամային կառավարության ստեղծումը: Ավելին, ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ ազգը պատրաստ էր դիմակայելու, իսկ պետական համակարգը գործեց այլ ուղղությամբ:
Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն էլ էր մասնակցում այսօրվա հավաքին։ «Առաջինն եմ պաշտպաննել Փաշինյանին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց երգչուհին, հիմա չի հավատում վարչապետին. «Իմ ամբողջ գիտակցական կյանքում ինձ ոչ ոք չի կարողացել այսպես հուսախաբ անել, այսպես մոլորեցնել: Ինքը պիտի ուժ գտնի իր մեջ և բացատրի մեզ` ինչ է կատարվել, և արժանապատվորեն եթե դեռ կա ինչ-որ մի հատված, հեռանա ուղղակի»:
Հանրահավաքից հետո «Սասնա ծռերի» անդամները ցանկանում էին երթ անցկացնել, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց` կրկին հիշեցնելով ռազմական դրությունը, որից հետո կազմակերպիչները վերադարձան հարթակ՝ հայտարարելով, որ երթը չեղարկվում է: Սակայն րոպեներ անց ոստիկանները և հատուկ ջոկատայինները շրջափակեցին հավաքի մասնակիցներին և բերման ենթարկեցին։
«Ազատության» հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց` ենթադրում է` 1-2 սադրիչներ կային. «Ներկա ոստիկանության բոլոր պատասխանատուների հետ պայմանավորվել էինք, որ երթը չենք անում, և մենք նպատակ չունենք բախումների կամ հակաօրինական որևէ գործողության: Արդեն պայմանավորվել էինք, բայց ոստիկանությունը, քաղաքական իշխանության պատվերը կատարելով, բոլորին բերման ենթարկեց»:
Ավելի ուշ «Սասնա ծռերի» մամլո ծառայությունից հայտնեցին, որ շարժման ամբողջ ղեկավար կազմը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, Ազգային անվտանգության ծառայությունում է, հավաքի մասնակցիները՝ ոստիկանական բաժիններում։
Երեկվանից ձերբակալված են 17 կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, որոշներն էլ նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Ձերբակալվածները 14-ն են՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, մոտ երեք շաբաթ առաջ կալանավորումից ազատ արձակված Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նրա կուսակից Արսեն Բաբայանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը և այլք: Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը։