Կեսգիշերն անց Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումից հետո որոշ պատգամավորներ հայտարարում են իշխանական «Իմ քայլը« խմբակցությունից դուրս գալու մասին:
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», - գրել է Փաշինյանը:
«Իմ քայլ»-ի պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է. - «Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»:
Իշխանական խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը ևս գիշերը նույն սոցիալական ցանցում գրառում է կատարել. - «Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»: Թովմասյանը հատուկ ընդգծում է, որ պատգամավորական մանդատից չի հրաժարվում, հետայսու գործելու է որպես անկախ պատգամավոր։
«Իմ քայլ»-ից Լուսինե Բադալյանն է նաև գրառում կատարել Ֆեյսբուքում՝ նշելով. - «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ... որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին. ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշում եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես Ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։
Նույն սոցիալական ցանցում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը. - «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ, առաջին՝ աշխատանքից ազատման դիմում գրել, երկրորդ՝ դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:
Վարչապետի կոչը «խիստ վտանգավոր է», շեշտում է օմբուդսմենը
Մարդու իրավունքների պաշտպանը գիշերը Ֆեյսբուքում գրել է. - «Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը: Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։ Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»:
Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է. - «ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայուն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:
Աղաջանյանը վստահեցնում է, որ «սա տարընթերցում է»
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մինչդեռ, գիշերը իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Սիրելի՛ քաղաքացիներ, վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։ Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս»։