Արցախցիների սոցիալական հարցերով զբաղվող օպերատիվ շտաբը մի քանի օր է, ինչ բացվել է Երևանում, մարդկանց հոսքը չի դադարում։ Հիմնականում կացարանի խնդրով են դիմում, ասում է Արցախի աշխատանքի, սոցիալական ու բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, որը համակարգում է շտաբի աշխատանքը. - «Մեր խնդիրները տեղահանված ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող` Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրներին լուծում տալ սերտ համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծված շտաբի և համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքի արդյունքում»:
Արցախի բնակչության շուրջ 70 տոկոսն արդեն Հայաստանում է, ասում է Միքայել Վիրաբյանը: Թե քանի ընտանիք կացարանի կարիք ունի, և որտեղ են նրանց պատրաստվում տեղավորել, դժվարացավ հստակ նշել, ասաց՝ կացարանի հարցով զբաղվում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այստեղից էլ չհաջողվեց տեղեկություններ ճշտել։ Նախարարությունից ամբողջ օրը մեր զանգերին չպատասխանեցին։ Օպերատիվ շտաբն այս օրերին կարգավորում է նաև արցախցիների թոշակների, աշխատավարձերի ու նպաստների փոխանցումները։ Իսկ ովքեր չեն աշխատում կամ պատերազմից հետո կորցրել են աշխատանքը և զրկվել եկամուտից, միանվագ ֆինանսական աջակցություն կստանան: Արցախի կառավարության պաշտոնյան ասում է` աջակցությունը մի քանի ամսվա ժամկետով են նախատեսում. - «Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր օպերատիվ շտաբի ղեկավար Մարտիրոսյանի հետ և քննարկումներ ունենք միանվագ դրամական օգնություններ հատկացնելու մասով: Մենք ընդհանուր մտածում ենք եղանակները, սխեմաները, այդ ամբողջը հասկանանք»:
Կացարանից, փաստաթղթային ու ֆինանսական հարցերից բացի, մարդիկ դիմում են նաև նյութական այլ կարիքների համար։ Կան մարդիկ, որ կամավորների աջակցությամբ կացարանի հարցը լուծել են, բայց զրկված են նվազագույն պայմաններից՝ կենցաղային իրերից։
Ստեփանակերտցի Ալյոնա Աղաջանյանը շտաբ էր եկել հենց այս հարցերով. - «Չնչին ինչ-որ մի հատ օգնությունը, մի հատ վերմակը, մի հատ դոշակը ներկա պահի դրությամբ մեծ բան է, որովհետև կան երեխեք, առաջինը մենք պետք է երեխեքի համար մտածենք: Մեկը 12 տարեկան է, մեկն էլ 10 տարեկան է»:
Ալյոնան ծնողների, տատիկ-պապիկի ու քրոջ ընտանիքի հետ տասն օր առաջ է Երևան տեղափոխվել։ Կամավորների աջակցությամբ Արարատի մարզի Խաչփար գյուղում տնակ են գտել, բայց պայմաններ չկան, առջևում ցրտերն են, հատկապես քրոջ մանկահասակ երեխաների համար է մտահոգված։ Երեխաների հայրն օրեր առաջ զոհվել է. - «Առաջինն երեխեքին, ասում եմ, երեխեքն են կարևորը, վառելիքի խնդիր էլ, օրինակ, կա, եթե գյուղի տուն է, վառելափայտ չկա»:
Ասում է՝ եթե իմանար` բոլոր հարցերն արագ կլուծվեին, ինքը Ստեփանակերտ կվերադառնար ու թիկունքում կկամավորագրվեր որևէ աշխատանքի։ Բայց այստեղ դեռ իր կարիքը կա. ծանոթների ու կամավորների օգնությամբ փորձում է տնակում պայմաններ ստեղծել։ Հազարավորներն են ծանր վիճակում, «մենք գոնե չորս պատ գտել ենք», սփոփվում է Ալյոնան. - «Ամեն ինչ լավ ա լինելու: Եթե ինչ-որ մի բան սկիզբ է ունենում, հաստատ ավարտ էլ է ունենում: Մեր ուժերով, կամ բարի մարդիկ ինչ-որ բանով կօգնեն: Չգիտեմ, Աստված մեծ ա, տենց եմ մտածում, Աստված կօգնի»:
Լիլիթ Բաղդասարյանը կացարանի հարցով է եկել։ Չորս մանկահասակ երեխաների ու ծնողների հետ Մարտակերտից մեկ ամսի առաջ է տեղափոխվել։ Ամուսինն առաջնագծում է։ Կամավորների աջակցությամբ Կոտայքի մարզի Արզական գյուղի տներից մեկում են տեղավորվել։ Ավելի երկար չեն կարող մնալ, պետք է դուրս գան. - «Սկեսուրս էլ ուրիշ տեղ է բնակվում, նույն ձև ասել են` ձեզ կացարան գտեք, որովհետև հնարավոր չէ, ասենք դա կամավոր հիմունքներով են չէ՞ իրենք օգնում»:
Լիլիթը շուտով հինգերորդ բալիկն է ունենալու, փորձում է մինչ այդ տանիքի հարցը լուծել։ Շատերի պես իրենք էլ կարծել են` պատերազմը օրերի հարց է, իրենց տուն կվերադառնան, բայց ամեն ինչ փոխվեց, ու կռվի առաջին օրերից տարբեր տներում հյուրընկալված մարդիկ ստիպված են երկարաժամկետ կացարաններ փնտրել. - «Ամուսինս ճակատամարտում է, հայրս այնտեղ է, բոլոր մեր տղամարդիկ այնտեղ են, բայց մենք էլ այս սենց»:
Լիլիթի երեխաների՝ Սարգսի ու Վալենտինայի մտահոգությունն էլ դասերն են, որ բաց չթողնեն։ Դպրոցի հարցն էլ դեռ լուծված չէ։ Պակասը տանն են լրացնում, գրքեր են կարդում, սիրելի շախմատով զբաղվում. - «Տանն ինչ-որ գիրք եմ կարդում, գրավոր եմ անում, որ չմոռանամ գիտելիքները, չդառնանք անգրագետ»:
Սահմանից ամեն օր լուր ունեն, հայրիկի հետ խոսում են, բայց կարճ. - «Որ բեսպիլոտնիկը չգա էլի, էնտեղ տրաքացնի», - ասում են երեխաները: