Մատչելիության հղումներ

Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են


Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են, քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում նման գրառմամբ հանդես եկավ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մի փոքր ավելի վաղ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, թե Ստեփանակերտը հրթիռակոծվում է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից, տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։

Կեսօրին մոտ Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ անցած գիշեր առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում, հայկական բանակային ստորաբաժանումները կասեցրել են ադրբեջանական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ըստ նույն աղբյուրի, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում խոցվել է նաև ադրբեջանական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Պաշտպանության բանակը նաև հայտնում է, որ հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումներն անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանն այսօր «Ազատության»-ը հեռախոսով փոխանցեց, որ անցած գիշեր մի քանի բնակավայրերում համեմատաբար խաղաղ է եղել։

«Անցած գիշեր համեմատած նախորդ գիշերներին և նախորդ օրերին համեմատաբար հանգիստ էր խաղաղ բնակավայրերում, բացի Շուշիից․ Շուշին շարունակում է մնալ թշնամու թիրախում և այնտեղ կան բազմաթիվ ավերածություններ։ Իհարկե վնասների մասին դեռ վաղ է խոսել, որովհետև ո՛չ նկարահանող խմբերը, ո՛չ մենք չենք կարողանում այնտեղ գնալ՝ իմանալու համար թե՛ մշակութային օջախները, թե՛ հոգևոր կենտրոնները որքանով են վնասներ կրել անցած երկու օրերի ընթացքում։ Այս պահի դրությամբ Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտի ուղղությունը հանգիստ են, բայց Շուշիում շարունակվում են մարտական գործշողությունները և այստեղից՝ Ստեփանակերտի կենտրոնից լսելի են պայթյունների ձայները», - ասաց Թադևոսյանը։

«Ազատության» հարցին, թե տեղեկություններ կա՞ն քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, կամ վիրավորների մասին, Հունան Թադևոսյանը պատասխանեց․ - «Շուշիում երկու օր առաջ հրթիռակոծության հետևանքով կար քաղաքացիական երեք վիրավոր, փրկարարները կարողացել են նրանց հասցնել բուժհաստատություններ, նախորդ երկու օրերի ընթացքում չի եղել քաղաքացիական տուժած և չի եղել նաև Ստեփանակերտում երեկ կեսօրից հետո մինչ այս պահը, իսկ երեկ մինչև կեսօր՝ լուսադեմին, երբ որ հրթիռակոծվում էր Ստեփանակերտը, փլվեց մեկ տուն և ունեցանք երեք քաղաքացիական անձ զոհ»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օրվա ընթացքում ֆեյսբուքի իր էջով տեղեկացրեց, թե ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր Արցախում են՝ «եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու»:

XS
SM
MD
LG