Մատչելիության հղումներ

Արցախում, ըստ օմբուդսմենի, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով զոհվել է առնվազն 46, վիրավորվել՝ 144 անձ


Արցախում քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով զոհվել է առնվազն 46, վիրավորվել՝ 144 քաղաքացիական անձ, այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Մինչ օրս Արցախում 13 հազար 800 անշարժ գույք, 3100 հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ են վնասվել: «Դա կլինի էլեկտրամատակարարման կայաններ, ցանցեր, նույնը կապի և հաղորդակցության համակարգում, ջրամատակարարման ու գազամատակարարման համապատասխան ենթակառուցվածքներ, խողովակներ, կամուրջներ և այլն: Հանրային նշանակության օբյեկտների մեջ մենք դիտարկում ենք մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, մշակութային կենտրոնները, եկեղեցին», - նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Ադրբեջանական ուժերը գիշերը ծանր հրետանիով հարվածներ էին հասցրել Շուշի քաղաքին, որը 14 կիլոմետր է հեռու մայրաքաղաք Ստեփանակերտից։ Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ՝ կան վիրավորներ. «Բավականին թեժ է եղել Շուշիում, և Շուշի քաղաքի քաղաքացիական օբյեկտները բավականին ինտեսնիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և բավականին մեծ ծավալի ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում»:

Ուշ երեկոյան էլ Ստեփանակերտն էր թիրախավորվել, Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը «Սմերչ» կայանքից հրթիռ էր արձակել Մոր և մանկան բժշկական կենտրոնի ուղղությամբ։ Հարվածներ էին հասցվել նաև բնակելի թաղամասի ուղղությամբ, մեկ ավտոմեքենա և ավտոտնակ էր հրդեհվել։ Նույն ժամանակահատվածում նաև Շուշին էր թիրախավորվել, այնտեղ ևս բնակելի տներում հրդեհ էր բռնկվել։

«Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորման տակ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից, առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում, բայց, բարեբախտաբար, մարդկային որևէ կորուստ, վիրավոր այնտեղ չի արձանագրվել», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Օրերս Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու պայմանավորվածություն ձեռք բերվեց. Բեգլարյանի խոսքով, սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը քաղաքական պայմանավորվածությունները չի պահպանում:

«Այս հարձակումների մի մասն արձանագրվել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական իրավունքով և սովորութային իրավունքով արգելված զինատեսակ է հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում կիրառվելու պարագայում, քանի որ ունի բավականին լայնածավալ ազդեցության շրջանակ ու մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակներով է արձանագրվել», - ընդգծեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Օմբուդսմենն ընդգծում է՝ շրջակա միջավայրը վնասող հանցագործություններ էլ են կատարվում. - «Կիրառելով տարբեր տիպի զինատեսակներ, այդ թվում, ըստ մի շարք փորձագետների և ըստ մեր նախնական վերլուծության, նաև սպիտակ ֆոսֆորային զինատեսակ, որն արգելված է ամբողջությամբ միջազգային իրավունքով: Ադրբեջանը դիտարվորյալ կերպով հրկիզում է անտառները, ինչն ինքնին բնապահպանական աղետ է Արցախի Հանրապետության և մեր բնակչության համար և երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ և՛ ֆաունայի ու ֆլորայի, և՛ հանրային առողջության վրա: Երկու օր առաջվա տվյալներով առնվազն 1815 հա վառվել էր կամ կրակի մեջ էր գտնվում, առայսօր, մեր վերլուծությամբ, այդ թիվը կարող է գերազանցել ադեն 2000 հա-ն»:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի հայտարարությունները՝ պնդելով, թե իրենց սպառազինության մեջ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG