Մատչելիության հղումներ

Գյումրու արվեստագետները որոշել են իրենց ստեղծագործություններով աջակցել պատերազմից տուժածներին


Գյումրու արվեստագետները որոշել են իրենց ստեղծագործություններով աջակցել պատերազմից տուժածներին: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները արդեն մի քանի օր է` նկարներ են նկարում, վաճառում ու գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ասում են՝ արդեն 700 հազարից ավելի դրամ են վաստակել։

Նրանցից Նազելի Հակոբյանը հիմնականում Արցախի պատմամշակութային արժեքներն է պատկերում. - «Տարբեր են` ամեն մեկս մեր ուզած ուղիով, օրինակ` ես ընտրել եմ Արցախի կամ Հայաստանի ճանաչված վանքերը: Սա Գանձասար վանքն է, Արցախում է գտնվում է: Հիմա բոլորիս օգնությունն էլ պետք է հայոց բանակին ի վերջո»:

Նազելին դեռևս Արցախում չի եղել, բայց վստահեցնում է՝ պատերազմի ավարտից հետո գնալը պարտադիր է լինելու: Լուիզա Մինասյանն էլ հիմնականում պատերազմի հերոսների դիմանկարներ է պատկերում. - «Բոլոր հերոսների` և՛ ապրիլյան, և՛ այս օրերի հերոսների, քանի որ մենք պետք է իմանանք մեր հերոսներին: Մեծ օգնություն ենք ցուցաբերել [նախաձեռնությամբ] և այս մի քանի օրվա ընթացքում կարողացել ենք բավականին մեծ գումար հավաքել և փոխանցել հիմնադրամին, ինչը միանշանակ պետք է: Քանի որ ֆիզիկապես չենք կարող լինել մեր տղաների կողքը, այսպես մեր օգնությունն ենք ցուցաբերում»:

Բուհի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանն էլ հավելում է, նախաձեռնությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Արվեստագետն առայժմ վրձնով է կռվում. - «Իհարկե, եթե պետք եղավ ստեղծագործողը զենք էլ կվերցնի, բայց առաջնայինն, իհարկե, եթե զինվորականն իր ձեռքը զենք է վերցնում, նկարչի զենքն առաջնային վրձինն է, իր մշակույթն է: Եվ այս պահին նաև մենք մեր մշակույթի պայքարն ենք մղում, որովհետև իրականում եթե մենք մեր մշակույթով չտարբերվեինք, հայկական մշակույթի կրողը չլինեինք, կարող է նաև այս պատերազմները չլինեին: Այսօր ոչ միայն գոյամարտ է կյանքի, սահմանների, տարածքների, այլև առաջնային մշակույթի: Այնպես որ, մենք ունենք այսօրվա նաև մեր մշակույթը պահպանելու, տարածելու և մշակույթով նաև մեր երկիրը զարգացնելու գործը»:

Գյումրիի կենտրոնում էլ Գեղագիտական կենտրոնի նախաձեռնությամբ մի քանի այլ կազմակերպություններ ու անհատներ միացել, աշխատանքների վաճառք էին կազմակերպել՝ հասույթը հիմնադրամին փոխանցելու նպատակով: Կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանն ընդգծում է՝ թիկունքում գտնվող յուրաքանչյուր ոք իր հնարավորություններով աջակցելու է բանակին. - «Այս ծանր չեմ կարծում, թե յուրաքանչյուր, հատկապես թիկունքում գտնվող մարդին չեն մտածում, թե ինչով կարող են օգտակար լինել ճակատին, ու ինչպես ես այս օրերի ընթացքում անընդհատ ասում եմ, ճակատը ուժեղ է թիկունքով, մենք պիտի կարողանանք, ինչով կարող ենք, յուրաքանչյուրն իր հնարավորությունների, իր մտահղացումների չափով պիտի կարողանա օգնել բանակին: Մեր կենտրոնը, մենք որոշեցինք մեր երեխաների աշխատանքները, դա մեր ոսկե ֆոնդն է, որը երբեք չի վաճառվում, մեր լավագույն աշխատանքներն են, որոշեցինք ցուցահանդես-վաճառք անել և այդ գումարն ուղղել բանակին»:

Կենտրոնի փոքրիկ ստեղծագործողների աշխատանքներն էլ են վաճառքի հանել, ծնողներին էլ հրավիրել գնելու: «Զինվորների համար է մեր, յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չաթով ինչ-որ մի բան պետք է անի», - նշում են ծնողները:

XS
SM
MD
LG